«Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում չեխական «Առնիկա» կազմակերպության ներկայացուցիչները Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի անդամների հետ համատեղ այցելեցին Սյունիքի մարզի Կապան համայնք։
Ծրագիրն իրականացվում է «Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ, նպատակն է պարզել արդյունաբերական աղտոտվածության մակարդակը հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում և բնակիչներին փոխանցել արդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխման չեխական փորձը։
Կապանում բնակիչների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպեցին «Առնիկայի» համահիմնադիր, Աղտոտիչների վերացման հարցերով միջազգային ցանցի (IPEN) դիօքսինների և թափոնների գծով փորձագետ Հինդրիխ Պետրլիկը, «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի համակարգող Գրեգորի Մալյուկովը, տոքսիկ նյութերի փորձագետ Նիկոլա Ժելինեկը, «Էկոլուր» տեղեկատվական և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների թիմերը։ Տեղի բնակիչների հետ քննարկվեցին հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխման հնարավորությունները։
Հինդրիխ Պետրլիկը ներկայացրեց չեխական փորձը։ Նա նշեց, որ ի թիվս Հայաստանի, «Առնիկան» աշխատել է Վրաստանում, Թաիլանդում, Հոլանդիայում, Ղազախստանում, Ռումինիայում, Սերբիայում, Ուկրաինայում։
«Ծանր մետաղներն ուսումնասիրվում են, քանի որ դրանք թունավոր են, կուտակվում են օրգանիզմներում և շրջակա միջավայրում։ Վտանգավոր ծանր մետաղներ հանդիպում են յուրաքանչյուր հանքաքարի մեջ: Խնդիրներ են առաջանում, երբ դրանք մեծ քանակությամբ հայտնվում են մակերևույթին։ Ծանր մետաղներով աղտոտման հիմնական աղբյուրներից են պոչամբարները։ Աղտոտման աղբյուր են լքված հանքերը, որոնք մեծացնում են ծանր մետաղների կոնցենտրացիան հողում, ջրում, գետային նստվածքներում և բույսերում՝ լուրջ առողջական ռիսկեր ստեղծելով բնակիչների համար», – ասաց Հինդրիխ Պետրլիկը։
«Որպես Կապան համայնքի բնակիչ՝ կարծում եմ, որ հետազոտությունները շատ կարևոր ու անհրաժեշտ են բոլորիս համար, հատկապես այն բնակիչների, ովքեր ապրում են ազդակիր բնակավայրերում։ Նման հետազոտություն մենք չունենք, չգիտենք՝ որքանով է աղտոտված մեր շրջակա միջավայրը, մարդկանց օրգանիզմը։ Ինքս՝ որպես բնակիչ, շատ եմ ցանկանում իմանալ իրականությունը», – ասաց Կապանի «Երիտասարդների իմպուլս» ՀԿ-ի նախագահ Անի Սարգսյանը։
Նա նշեց, որ ՀԿ-ի կողմից իրականացվել է կարիքների գնահատում հանքարդյունաբերության ազդակիր Գեղանուշ և Գոմարան բնակավայրերում։ Պարզվել է, որ տեղի բնակիչներն ունեն սոցիալական և առողջական բազմաթիվ խնդիրներ, որոնք չլուծված են մնում։ «Մենք գիտենք, որ հանքարդյունաբերող ընկերությունները բնապահպանական վճարներ են կատարում, և շատ կարևոր է, որ այդ վճարներն ուղղվեն այն բնակավայրերին, որոնք ազդեցության են ենթարկվում։ Այդ բնակավայրերում շատ են տարեցները, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր չեն կարող ինքնուրույն հոգալ իրենց ծախսերը։ Գոնե նրանց համար բժշկական ապահովագրություն ապահովվի, որպեսզի բնակիչը կարողանա գնալ հետազոտման, բուժման, դեղորայք ստանա։ Ազդակիր բնակավայրերում բացի առողջական խնդիրներից կան նաև այլ խնդիրներ, օրինակ, գազաֆիկացման, ճանապարհների, աշխատատեղերի։ Այս խնդիրները պետք է լուծվեն», – ասաց Անի Սարգսյանը։
«Երիտասարդների իմպուլս» ՀԿ-ի կողմից իրականացված ազդակիր բնակավայրերի կարիքների հետազոտության գնահատմանը մասնակցել է նաև Կապանի բնակիչ Սվետլանա Գրիգորյանը։ «Շատ են ուռուցքային, վահանաձև գեղձի, սրտանոթային հիվանդությունները։ Շրջակա միջավայրն էլ է աղտոտված։ Երբ անձրև է գալիս, Կավարտի լքված հանքի տարածքից նյութերը լցվում են գետը, նույնիսկ եղել են դեպքեր, երբ տեսել ենք, որ գետում ձկները սատկած են»,- ասաց նա։
«Մենք շրջապատված ենք հանքերով, Կապանը գտնվում է պոչամբարների մեջտեղում։ Ինչպե՞ս կարող է նման դիրք ունենալով աղտոտվածություն չունենալ, և բացասական երևույթները չազդեն բնակչության վրա։ Դե, իհարկե, խոցելի խումբը երեխաներն ու ծերերն են», – ասաց Կապան համայնքի բնակիչ Արմիդա Գրիգորյանը։ Նա նշեց, որ անհրաժեշտ է հանքարդյունաբերական լցակույտերը, վտանգավոր թափոնները հեռացնել, մաքրել շրջակա միջավայրից, որպեսզի դրանց մեջ պարունակվող վտանգավոր նյութերը չհայտնվեն սննդային շղթայում:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ հանքարդյունաբերական ազդակիր բնակավայրերի համար անհրաժեշտ է մշակել այլընտրանքային, կանաչ զարգացման ծրագրեր։
«Առնիկայի» փորձագետները հողի, փոշու, գետային նստվածքի փորձանմուշներ վերցրին Կապան, Գեղանուշ և Գոմարան բնակավայրերից, բնակիչների տնամերձ այգիներից, կենսանմուշներ՝ բնակիչներից։ Փորձանմուշները կհետազոտվեն Չեխիայում՝ սերտիֆիկացված լաբորատորիայում, իսկ արդյունքները կներկայացվեն տեղի բնակիչներին, լայն հասարակությանը և պատասխանատու մարմիններին՝ մշակելու լուծումներ աղտոտվածության խնդիրների հաղթահարման համար։
«Առնիկան» Հայաստանում աշխատում է 2010 թվականից։ Հայաստանյան գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ և տեղի բնակիչների առաջարկով «Առնիկան» իրականացրել է շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդու առողջության վիճակի հետազոտություններ Լոռու, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերի արդյունաբերական շրջաններում։
Սույն hոդվածը պատրաստվել է «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող Տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։
Հունվար 19, 2026 at 15:05