Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով

Քաղաքականություն

22.04.2026 | 20:43

Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով։ Այս մասին Facebook-ում հայտնել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովան, գրում է Meduza-ն։

Ապրիլի 22-ի առավոտյան ուկրաինական կողմից ճնշումը սկսել է մեծանալ, և խողովակաշարը  լցվել է։ Սակովան հայտարարել է, որ հաջորդ առավոտյան նավթը կսկսի հոսել դեպի Սլովակիա։

«Դրուժբա» խողովակաշարը հունվարից ի վեր անգործության էր մատնվել։ Ուկրաինան պնդում էր, որ այն վնասվել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան մեղադրել էին Կիևին վերանորոգման աշխատանքները դիտավորյալ ձգձգելու մեջ։

«Դրուժբա»-ի փակումը կտրուկ սրել էր Կիևի և Բուդապեշտի հարաբերությունները։ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը և հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումը։ Ապրիլի 12-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պարտվեց ընտրություններում. հաղթող Պետեր Մագյարը հայտարարել էր, որ մտադիր չէ արգելափակել վարկի տրամադրումը։

Ապրիլի 22-ին ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները նախնական հավանություն են տվել միջոցների տրամադրմանը, իսկ Հունգարիայի ներկայացուցիչը վետո չի կիրառել առաջարկի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment