ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է հայտնել Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերից

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը մանրամասներ է հայտնել Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերից։

«Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 5 հոգի հոսպիտալացվել է և որ Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում։

Leave a comment