Սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում. Կոտայքի Բյուրեղավան քաղաքի բազմաթիվ բնակիչներ վերջին օրերին այս գանգատներով դիմել են տարբեր բուժհաստատություններ։ Factor TV-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը նշեց, որ խնդրի մասին տեղյակ են և համապատասխան քայլեր են ձեռնարկվում.
«Ունեցել ենք շտապօգնության կանչեր` ընդհանուր թուլութուն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտութուն և նմուշառում: Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք: Ծանր դեպքեր չունենք: «Աբովյան» ԲԿ-ում 5 հոսպիտալացված անձ կա, որոնց վիճակն այս պահին բավարար է»։
Ըստ ամենայնի՝ պատճառը խմելու ջրի աղտոտումն է, որի մասին հաղորդագրություն է տարածել Բյուրեղավանի համայնքապետարանը։
««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն նույնանման գանգատներով։ Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»։
Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև «Վեոլա ջուր» ընկերության հետ՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու նպատակով, սակայն այս պահին հնարավոր չեղավ։ Պաշտոնական պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։
Ռոզա Վարդանյան