PROFAL. Էներգաարդյունավետությունն ու կանաչ տեխնոլոգիաները՝ որպես կայուն ապագայի գրավական

Համաշխարհային կլիմայական մարտահրավերներն ու էներգետիկ անվտանգության հարցերը վերափոխում են շինարարության ոլորտը, որտեղ կանաչ ու բարձր տեխնոլոգիական լուծումները նախագծման հիմնական չափանիշն են։ 

Այսօր էներգաարդյունավետությունը դարձել է ոչ թե ընտրության հարց, այլ՝ բնապահպանական եւ տնտեսական անհրաժեշտություն։ Ապրիլի 22-ին արդեն 56-րդ անգամ համաշխարհային մակարդակում նշվում է Երկրի օրը, որի ուղերձն է հոգ տանել մայր բնության մասին՝ «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրով։ Էներգաարդյունավետության թեմային անդրադարձել ենք հայաստանյան առաջատար PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրույցում։

Թվերի լեզվով. ո՞ւր է կորչում էներգիան

Շատերը զարմանում են՝ իմանալով, որ տան ջերմության ընդհանուր կորստի հարցում մեծ նշանակություն ունեն դռներն ու պատուհանները։ Ըստ ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի (Energy.gov) տվյալների՝ պատուհանների միջոցով ջերմության կուտակումն ու կորուստը կազմում է տան ջեռուցման եւ հովացման էներգիայի օգտագործման 25-30%-ը։ Սա նշանակում է, որ մեր վճարած կոմունալների մի մասը պարզապես «նվիրում ենք» արտաքին միջավայրին՝ ոչ արդյունավետ պատուհանների պատճառով։

Սովորական ապակիները ժամանակակից էներգաարդյունավետ լուծումներով փոխարինելը կարող է խնայել տարեկան կոմունալ վճարների միջինում 15, իսկ որոշ կլիմայական գոտիներում՝ 20%-ից ավելին։ Սա ներդրում է, որն ապահովում է տաքություն ձմռանը, զով պայմաններ՝ ամռանը, նվազեցնում է ածխածնի արտանետումները, ինչպես նաեւ ժամանակի ընթացքում ամբողջությամբ փոխհատուցում է ծախսը՝ շնորհիվ խնայված միջոցների։

Լուծումներ, որոնք փոխում են կյանքի որակը

Էներգախնայող դռների եւ պատուհանների նախագծումը վաղուց դուրս է եկել զուտ գեղագիտության սահմաններից։ Սրանք բարդ ինժեներական լուծումների ամբողջություն են, որոնք հնարավոր են դառնում առաջադեմ տեխնոլոգիաների համակցման շնորհիվ։ Օրինակ՝ երկշերտ կամ եռաշերտ ապակիների կիրառումը․ միջապակյա տարածությունը լցվում է օդով կամ իներտ գազերով, որը ստեղծում է հզոր ջերմային արգելք՝ զգալիորեն դանդաղեցնելով ջերմափոխանակությունը ներսի եւ դրսի միջեւ:

Այս տեխնոլոգիան լրացվում է Low-E (ցածր էմիսիոն) հատուկ ծածկույթներով, որոնք գործում են «խելացի» սկզբունքով. դրանք թույլ են տալիս բնական լույսին ազատ թափանցել ներս, սակայն անդրադարձնում են ջերմային ճառագայթները։ Այս տեխնոլոգիան հատկապես օգտակար է արեւոտ տարածաշրջաններում՝ նվազեցնելով օդորակման անհրաժեշտությունը եւ էներգիայի սպառումը:

Էներգաարդյունավետությունն ամբողջանում է բարձրորակ ալյումինե պրոֆիլների եւ ջերմակամրջակների կիրառմամբ, որոնք որակյալ ռետինե հերմետիկացման հետ մեկտեղ բացառում են օդի եւ ջրի անցանկալի ներթափանցումը։ Սա նաեւ նպաստում է բարձր ձայնամեկուսացմանը։

PROFAL-ի փորձն ու որակի հիմքը

Որպես ոլորտի առաջատար՝ PROFAL-ն իր գործունեության հիմքում դրել է հենց որակի, կայունության եւ պատասխանատվության սկզբունքները։ Մենք հասկանում ենք, որ էներգաարդյունավետությունը կախված է յուրաքանչյուր դետալից՝ ճիշտ ինժեներիայից, ալյումինի որակից մինչեւ ջերմամեկուսիչ ներդիրներ, աքսեսուարներ, ինչպես նաեւ մանրակրկիտ մոնտաժային աշխատանք։

Այդ պատճառով PROFAL-ը համագործակցում է բացառապես միջազգային բարձրակարգ մատակարարների հետ, որոնց արտադրանքը համապատասխանում է էներգաարդյունավետության ամենախիստ ստանդարտներին։ Մեր փորձը ցույց է տալիս, որ բարձրորակ պատուհանների տեղադրումը ոչ միայն բարձրացնում է գույքի շուկայական արժեքը, այլեւ դառնում է կառուցապատողների եւ սեփականատերերի ամենախելամիտ ֆինանսական որոշումը։

Այսպիսով՝ Էներգաարդյունավետ դռներն ու պատուհանները կրճատում են տան, շենքի, շինության էներգասպառումը: Ջեռուցման եւ հովացման համակարգերն աշխատում են ավելի քիչ, ինչը հանգեցնում է վառելիքի քիչ օգտագործման: Դա էլ իր հերթին կրճատում է ածխածնի արտանետումները՝ համապատասխանելով կայուն շինարարության համաշխարհային միտումներին:

Վարքագծի փոփոխություն. տեխնոլոգիայից դեպի բարձր գիտակցություն

Տեխնիկական լուծումները որքան էլ կատարյալ լինեն, տալիս են առավելագույն արդյունք միայն մարդկանց վարքագծի փոփոխության դեպքում։ Էներգախնայողությունը սկսվում է գիտակցված օգտագործումից՝ ջեռուցման ջերմաստիճանի ճիշտ կարգավորումից, բնական լուսավորության կիրառումից եւ «խելացի» սպառումից։

Մեր նպատակն է կրթել եւ իրազեկել հասարակությանը, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ պասիվ սպառողից վերածվի նաեւ «արտադրող-սպառողի»։ Այն մարդը, որ ներդրում է կատարում էներգաարդյունավետ պատուհանների մեջ, վաղը նաեւ իր տանիքին կտեղադրի արեւային վահանակներ՝ դառնալով անկախ եւ մաքուր էներգետիկ համակարգի մաս։

Թե այսօր՝ Երկրի օրը, թե ընդհանրապես պետք է հիշել, որ բնության հանդեպ հոգատարությունը սկսվում է փոքր քայլերից ու, ինչու ոչ, հենց մեր տան պատուհանից։ Էներգաարդյունավետ լուծումներն այսօրվա մեր ամենանշանակալի ներդրումն են թե մեր ընտանիքի հարմարավետության, թե շրջակա միջավայրի պահպանության գործում։

Leave a comment