2026թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական առաջնահերթություններից մեկը լինելու է կենսաբազմազանության ոլորտը, ինչը պայմանավորված է Երևանում հոկտեմբերին ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմամբ։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ընդերքօգտագործման, ջրային ռեսուրսների և հողերի պահպանության ոլորտների վերահսկողությանը։ Այս մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատշաճ պատրաստվի COP17-ին, որին սպասվում է ավելի քան 190 երկրի պատվիրակությունների մասնակցություն, և այդ նպատակով տեսչական մարմինն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները։
2026թ․ տեսչական մարմինը նախատեսում է իրականացնել ծրագրային 220 ստուգում և 17 միջոցառում։
Անդրադառնալով 2025թ․ կենսաբազմազանության ոլորտում արձանագրված խախտումներին՝ տեսչական մարմնի ղեկավարը նշեց․ «2025թ․ արձանագրվել է 1264 իրավախախտման դեպք՝ հիմնականում բուսական աշխարհի պահպանության ուղղությամբ (1066 դեպք)։ Սակայն դրական փոփոխություն է նկատվում ապօրինի ծառահատումների թվի համեմատության մեջ. եթե 2024թ․ արձանագրվել էր 13013 հատված ապօրինի ծառ, ապա 2025թ․ թիվը նվազել է մինչև 11852։ Ընդ որում, 2022-2025թթ․ ներառյալ նվազման միտում ունենք, ինչը շարունակական դրական դինամիկա է»։
Տեսչական մարմինը նախորդ տարի ձեռք է բերել լազերային սկանավորման համակարգեր։ «Այդ տեխնոլոգիան մենք կարող ենք օգտագործել անտառների վերահսկողության ժամանակ։ Օրինակ՝ պայմանական 200 հեկտարի վրա շատ կարճ ժամանակում հնարավոր է պարզել՝ քանի հատ ծառ կա այդ տարածքում, ինչ հաստության բներ ունեն այդ ծառերը, ինչ սաղարթ ունեն։ Այդ տեխնոլոգիան մենք կսկսենք կիրառել այս տարի։ Մենք ավելացրել ենք նաև մեր անօդաչու թռչող սարքերի պարկը», – նշեց նա։
2025թ․ ապօրինի որսի 16 դեպք է գրանցվել, բռնագրվել է 13 որսորդական զենք։ Սիգի ապօրինի որսի շրջանակում արձանագրվել է ապօրինի որսի 57 դեպք, որից 47-ով վարչական իրավախախտում է նախատեսվում։ 10 դեպքով ներկայացվել են հաղորդումներ, և հարուցվել քրեական վարույթներ։ Առգրավվել է շուրջ 2200 կգ ապօրինի որսված սիգ ձկնատեսակ։ Վնասի չափը կազմել է 3 միլիոն 900 հազար դրամ։ Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ առգրավվել է 25 լողամիջոց, 298 հատ ձկնորսական ցանց։
2025թ․ իրականացվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ անազատ և կիսազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և թույլտվությունների ուսումնասիրություն։ Արձանագրվել է 56 տեսակի 281 հատ վայրի կենդանի, որոնք պահվում են անազատ պայմաններում։ «Թույլտվություն չունեցող ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց մոտից այդ կենդանիներին վերցնելու և ավելի լավ պայմաններում տեղավորելու ուղղությամբ գործընթաց է սկսվել։ Մասնավորապես, Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջերն արդեն տեղափոխվել են անվտանգ վայրեր», – նշեց Հովհաննես Մարտիրոսյանը։ Այս աշխատանքները Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ իրականացվում են COP17-ին ընդառաջ միջոցառումների շրջանակում։
Հունվար 30, 2026 at 12:17