ՀՀ-ի դեմ թուրք հեղինակի հերթական կեղծիքը հրապարակվել է Չինաստանի պետական ԶԼՄ-ում

Հայաստանի մասին բազմաթիվ կեղծ լուրերի հեղինակ, պրոկրեմլյան թուրք լրագրող Օքայ Դեփրեմը հունվարի 31-ին հերթական կեղծիքն է հրապարակել, այս անգամ Չինաստանի գլոբալ հեռուստատեսության ցանցի՝ (China Global Television Network (CGTN) պետական մեդիա հարթակի թուրքալեզու ծառայությունում։ 

Թուրք լրագրողը պնդում է, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը։ 

Արտապատկերումը՝ հրապարակումից։

«Փաստերի ստուգման հարթակը» բաց աղբյուրներում չի հայտնաբերել ՀՀ վարչապետի նման որոշում, ինչպես նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է թուրք լրագրողի պնդումները։ 

Այս տեղեկությունը հայտնվել էր նաև ադրբեջանական Haqqin.az-ում։ Նկատենք, որ այս աղբյուրը վկայակոչում է այսպես կոչված թուրքական լրատվամիջոցներին, սակայն իրականում աղբյուրը չինական պետական հեռուստաընկերությունն է։   

Արտապատկերումը՝ ադրբեջանական աղբյուրի տելեգրամյան ալիքից։

Հատկանշական է, որ այս տեղեկությունը տարածվել է նաև Վրաստանի մերձիշխանական Իմեդի ԶԼՄ-ի ֆեյսբուքյան էջում։ Ավելի ուշ, սակայն, ԶԼՄ-ն հրապարակել է նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի հերքումը։ 

Արտապատկերումը՝ վրացական իշխանական Իմեդի հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից։

Հատկանշական է, որ ՀՀ-ի դեմ հերթական ապատեղեկատվությունը հրապարակվել է Չինաստանի պետական ռեսուրսում։ 

Այսպես, Չինաստանի գլոբալ հեռուստատեսության ցանցը՝ China Global Television Network (CGTN), չինական պետական մեդիա հարթակ է, որը ֆինանսավորվում և վերահսկվում է Չինաստանի իշխանությունների կողմից: Այն ունի ծառայություններ տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլն: 

Հատկանշական է, որ CGTN ունի նաև հայալեզու ֆեյսբուքյան էջ՝ ավելի քան 90 000 հետևորդով։ Այն ստեղծվել է 2022 թվականին։

Արտապատկերումը՝ էջից։

Այսպիսով, առաջին անգամ ՀՀ-ի դեմ ապատեղեկատվական արշավի համար օգտագործվում է Չինաստանի պետական մեդիահարթակ․ այն հրապարակել է Կրեմլից սնվող թուրք լրագրողի հերթական կեղծիքը։ 

Ավելի վաղ, FIP.am-ն ուսումնասիրել էր այս հեղինակին, և պարզել, որ Դեպրեմը (Okay Deprem) ծագումով թուրք է, ներկայացվում է որպես լրագրող, սոցիոլոգ։ Բնակության մշտական վայր չունի, կա՛մ Ռուսաստանում է, կա՛մ Թուրքիայում։ Երկար տարիներ ապրել է Լուգանսկում, ստացել տեղի քաղաքացիություն։

Կարդացեք նաև՝ Ռուսաստանի քարոզիչ, որն ունի «Լուգանսկի քաղաքացիություն»․ ո՞վ է «10 մզկիթների» մասին կեղծ լուրի հեղինակը

Նանե Մանասյան

Նախագիծը ֆինանսավորվում է Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից:

The post ՀՀ-ի դեմ թուրք հեղինակի հերթական կեղծիքը հրապարակվել է Չինաստանի պետական ԶԼՄ-ում appeared first on FIP.AM.

Leave a comment