«Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանը չպետք է հղում կատարի Անկախության հռչակագրին։

Արմենպրեսի փոխանցմամբ, Փաշինյանն այդ մասին խոսել է՝ շարունակելով ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այս Սահմանադրության նախաբանում լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ մենք վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, իսկ եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է, որ խաղաղությունը հնարավոր չէ։ 
Եթե հղում ենք անում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք որդեգրում ենք «Արևմտյան Հայաստանի» խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք «Ծովից ծով Հայաստանի» խոսույթը։ Եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի դադարեցումը, «Արևելյան Թուրքիայի» խոսույթի դադարեցումը»,- ասել է Փաշինյանը։
«Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, բնականաբար, ես՝ որպես Հայաստանի վարչապետ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այդ որոշումը կընդունենք ի գիտություն։ Այստեղ քննարկման թեմա չկա, մենք երբեք կասկածի տակ չենք առել և երբեք չենք առնի որևէ բան որոշելու ժողովրդի իրավունքը, բայց մենք նաև պարտավոր ենք՝ որպես ՀՀ քաղաքացիների մանդատն ունեցող քաղաքական ուժ, ներկայացնել քաղաքական այն բովանդակությունը կամ բովանդակության ընկալումը, որը մենք ձևավորել ենք նաև փորձի ընթացքում, որը ձևավորել ենք նաև վերջին 8 տարվա մեր գործունեության արդյունքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Leave a comment