Թիմ Քուքը հեռանում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից

Սեպտեմբերի 1-ից սկսած՝ Ջոն Թերնուսը կդառնա Apple-ի նոր գործադիր տնօրենը։ Թիմ Քուքը, որն ընկերության ղեկավարումը ստանձնել էր 2011 թվականին՝ Սթիվ Ջոբսի հրաժարականից հետո, կզբաղեցնի Apple-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս մասին ասվում է ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի հրապարակած հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

50-ամյա Ջոն Թերնուսն Apple-ում աշխատում է 2001 թվականից և ներկայում զբաղեցնում է ընկերության սարքավորումների մշակման փոխնախագահի պաշտոնը։ Մասնավորապես, նա կարևոր դեր է խաղացել Mac-երի վաճառքի վերակենդանացման գործում, որոնք վերջին տարիներին մեծացրել են իրենց շուկայական մասնաբաժինը, հայտնում է Reuters-ը։

Bloomberg-ը նախկինում հայտնել էր, որ Թերնուսը համարվում է Քուքի ենթադրյալ իրավահաջորդը։

65-ամյա Քուքը ղեկավարել է Apple-ը վերջին 15 տարիների ընթացքում՝ թողարկելով այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք են Apple Watch-ը, AirPods-ը և Apple Vision Pro-ն, ինչպես նաև iCloud-ը, Apple Pay-ը, Apple TV-ն և Apple Music-ը: Այս ընթացքում ընկերության բաժնետոմսերը 20 անգամ աճել են։

Apple-ի հայտարարությունից հետևում է, որ Քուքը կշարունակի վերահսկել պետության հետ ընկերության հարաբերությունները: Մասնավորապես, նա արդեն պատասխանատու է Apple-ի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխազդեցությունների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment