2026թ. ապրիլի 6-ին կայացած բիզնես առաջնորդության ապագային նվիրված Fast-Forward 2026 կոնֆերանսում Հայաստանում Բոյդենի գործընկեր Սեւադա Բաղդյանը ներկայացրել էր Հայաստանի 200 խոշոր հարկատու ընկերությունների տնօրենների ուսումնասիրության արդյունքները, որոնց խոստացել էինք անդրադառնալ առանձին հոդվածով:
Ստորեւ ներկայացնում է ենք Բոյդեն Հայաստանի հրապարակումը, որը Banks.am-ին տրամադրվել է բացառիկության սկզբունքով:
***
«Բոյդեն Հայաստանն իրականացրել է Հայաստանի 200 խոշոր հարկատու ընկերությունների գործադիր տնօրենների պրոֆիլների համապարփակ վերլուծություն։ Հետազոտությունն այսուհետ կկրի ամենամյա բնույթ։ Սա մեզ համար լավ առիթ է հանրայնացնելու եւ հետաքրքրված շրջանակների հետ կիսելու մեր ամենօրյա աշխատանքի ամենահետաքրքիր շերտերից մեկը»,- նշում է Հայաստանում Բոյդենի գործընկեր Սեւադա Բաղդյանը։
Հայաստանում ղեկավար կազմը շարունակում է մնալ խիստ տղամարդակենտրոն. գործադիր տնօրենների 95.3%-ը տղամարդիկ են։ Հետաքրքիր է նաեւ տարիքային տարբերությունը. կին ղեկավարներն ավելի երիտասարդ են (միջինը՝ 46 տարեկան), քան իրենց տղամարդ գործընկերները (միջինը՝ 49.8 տարեկան)։
Ընկերությունների միայն 66.9%-ն է նախընտրել վստահել վարձու պրոֆեսիոնալներին, եւ 33.1%-ի դեպքում է, որ բաժնետերն անձամբ է զբաղեցնում գործադիր տնօրենի աթոռը։ Ընդ որում, բաժնետեր-ղեկավարները սովորաբար ավելի տարեց են (միջինը՝ 52.8 տարեկան՝ 48-ի դիմաց)։
Այն ընկերություններում, որտեղ տնօրենը բաժնետեր չէ, նոր ղեկավարի նշանակումը հիմնականում կատարվում է ներքին ռեսուրսների հաշվին․
• 53.5%-ը ստացել է ներքին առաջխաղացում,
• 46.5%-ը հրավիրվել է դրսից։
Զարգացած տնտեսություններում եւ կայացած ընկերություններում այս ցուցանիշը սովորաբար 70/30 է՝ հօգուտ ներքին նշանակումների։ Այս ցուցանիշը հուշում է, որ հայաստանյան ընկերություններում ղեկավարների կայացման ու իրավահաջորդության գործընթացները դեռեւս բարելավման կարիք ունեն։
200 խոշոր հարկատու ընկերությունների տնօրենների փորձը մինչեւ այս պաշտոնում նշանակվելը եղել է հետեւյալ ոլորտներում կամ հաստիքներում․
• վաճառք – 29%
• ֆինանսներ – 27%
• տնօրեն – 16%
• քաղծառայություն – 7.5%
• փոխտնօրեն – 6.5%
• ճարտարագիտություն – 4.3%
• այլ – 9.7%
Ըստ Բոյդեն Հայաստանի վերջին 3 տարվա ցուցանիշների՝ շուկայում ամենամեծ պահանջարկն ունեն ֆինանսական փորձառությամբ տնօրեններն ու նախկինում տնօրենի փորձ ունեցող մասնագետները։ Ուստի ամենայն հավանականությամբ ապագայում 200 խոշոր հարկատուների ցանկում այս ցուցանիշների փոփոխություն կտեսնենք։
Ամենամեծ տարբերությունը նկատվում է պաշտոնավարման տարիների մեջ։ Այս պահի դրությամբ բաժնետեր-ղեկավարներն իրենց հաստիքում են միջինը 17.2 տարի, մինչդեռ վարձու մենեջերների դեպքում այս ցուցանիշը կտրուկ նվազում է՝ հասնելով 6.4 տարվա։ Տղամարդիկ միջինում արդեն 10.3 տարի է, ինչ ղեկավարում են ընկերությունը, կանայք՝ 6.3 տարի։
Boyden-ի մասին
Boyden ընկերությունը բարձր օղակի ղեկավարների որոնման եւ առաջնորդության խորհրդատվության ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից է՝ հիմնադրված 1947 թվականին ԱՄՆ-ում, ներկայումս գործում է աշխարհի ավելի քան 45 երկրներում։ Ընկերության հայաստանյան գրասենյակն աջակցում է տեղական եւ միջազգային կազմակերպություններին՝ գտնելու լավագույն թոփ-մենեջերներին, ձեւավորելու տնօրենների խորհուրդներ եւ իրականացնելու առաջնորդությանն ուղղված խորհրդատվություն՝ նպաստելով բիզնեսի երկարաժամկետ աճին ու կայունությանը։