Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի լինի բյուջեին, այն կպետականացվի․ Փաշինյան > Լուրեր Հայաստանից

Այս պահին իրականացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուկայական արժեքի գնահատում։ Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը լինի հասանելի պետական բյուջեի համար, ապա ընկերությունը ամբողջությամբ կպետականացվի։

Վարչապետի խոսքով՝ պետականացման դեպքում ՀԷՑ-ը կհանձնվի հավատարմագրված կառավարման՝ միջազգային բարձր պրոֆեսիոնալ կառավարման ընկերության կամ ընկերությունների խմբի։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ ՀԷՑ-ը որպես գործընկեր բացվել է տասնյակ ընկերությունների առաջ։ Նրա խոսքով՝ նախկինում ընկերության մրցույթներին հիմնականում մասնակցում էին նախկին կառավարիչների հետ փոխկապակցված ընկերություններ, ինչը, ըստ վարչապետի, փաստացի ձևավորել էր կոռուպցիոն և փողերի լվացման համակարգ։

Վարչապետը նշել է, որ այդ մեխանիզմները բացահայտվել են, և դրանց շրջանակում արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։

Leave a comment