Երկու շաբաթում հավելյալ 235 միլիոն դրամ ենք հավաքագրել, որը 8 նոր ավտոբուսի գումար է․ Ավինյան

Երևանի տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին ընդամենը երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար, հայտարարել է Ավինյանը


ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երևանի տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին ընդամենը երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«2 շաբաթվա ընթացքում մենք հավելյալ 235 միլիոն գումար ենք հավաքագրել` ի համեմատություն դրա նախորդ 2 շաբաթների»,— ասաց Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։


Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ չնայած նոր մեթոդի առաջացրած որոշակի անհարմարություններին, այն բավականին էֆեկտիվ է հավաքագրման և կարգապահության տեսանկյունից։ 


«Բոլոր այն մարդիկ, ովքեր բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաև, կարելի է ասել, սպասարկում էին այն օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում», – նշեց քաղաքապետը։ 


Ավինյանը տեղեկացրեց որ մայրաքաղաքի տրանսպորտային պարկը շուտով կհամալրվի 45 նոր տրոլեյբուսներով։ 


Նա նաև հայտնեց, որ արդեն պետք է պատրաստվի նաև 170 նոր ավտոբուսների գնման հայտը։ 

Leave a comment