Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու տուժած կա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ տուժած աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։
Նշվում է, որ աղբավայրի սանհանգույցից արտառոց հոտ է տարածվել, ինչը ստուգելու նպատակով ներս է մտել տնօրենը։ Լույսը միացնելու պահին տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Պարզվել է, որ պատճառը կոյուղագծի միջոցով սանհանգույցում կուտակված բիոգազն ու շմոլ գազն են եղել։
Տուժածներն ունեն դեմքի և ձեռքերի շրջանում մաշկի մոտ 15% այրվածքներ, սակայն շնչառական ուղիները վնասված չեն, և նկատվում է դրական դինամիկա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով դեպքին, նշեց, որ միջադեպը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Նա հանձնարարեց իրականացնել աղբավայրի բոլոր հատվածների ամբողջական մոնիթորինգ և խստացնել անվտանգության կանոնները։
«Սա բավականին վտանգավոր միջավայր է։ Բոլոր հատվածները, որտեղ մարդիկ են աշխատում, պետք է հագեցած լինեն անվտանգության համապատասխան սարքավորումներով։ Անվտանգության ամենաբարձր կանոնները պետք է պահպանվեն»,- հայտարարեց քաղաքապետը՝ հավելելով, որ չնայած աղբավայրում կատարված մեծածավալ աշխատանքներին, անվտանգության ոլորտում անելիքները դեռ շատ են։
Մանրամաասները՝ տեսանյութում։