Տնտեսական կանխատեսումները «նոր աշխարհում» – banks.am

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նոր եվրոպական մտածողության ինստիտուտի (INET) Նայթյան անորոշության կենտրոնի համահիմնադիր եւ տնօրեն Մորտեն Նյուբե Տաբորի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

Մորտեն Նյուբե Տաբոր

Պատերազմն Իրանում մեկ ակնթարթում գլխիվայր շրջեց համաշխարհային տնտեսական կանխատեսումները։ Նավթի մատակարարման ուղիներն արգելափակված էին, գները՝ կտրուկ աճած։ Կենտրոնական բանկերն ու ֆինանսների նախարարությունները տենդագին փորձում են պատասխանել մի հարցի. ի՞նչ կլինի հետո։

Սակայն նախքան հապճեպ նոր թվեր հրապարակելը, պետք է հասկանալ, թե անորոշության որ տեսակի հետ գործ ունենք։ Արդյո՞ք մեր կանխատեսման ստանդարտ գործիքները կհաղթահարեն այս խնդիրը, թե՞ դրանք միայն վստահության կեղծ պատրանք են ստեղծում։

1980-ականների կեսերից մինչեւ համավարակը համաշխարհային տնտեսությունը քիչ թե շատ կայուն էր։ Գնաճը ցածր եւ կանխատեսելի էր մնում։ Կենտրոնական բանկերն ունեին հուսալի թիրախային ուղենիշներ։ Մատակարարման շղթաներն աշխատում էին անխափան։ Աշխարհաքաղաքական պայմանավորվածությունները, ստատիկ չլինելով, փոփոխվում էին աստիճանաբար։

Այդ աշխարհում կանխատեսման ստանդարտ մոտեցումը լավ էր աշխատում. ստեղծվում էր մեկ միասնական բազային կանխատեսում եւ վերածվում հովհարաձեւ դիագրամի, որը ցույց էր տալիս անորոշության միջակայքը դրա շուրջ։ Հովհարաձեւ դիագրամն, ըստ էության, ասում էր. մենք գիտենք՝ ինչպես է աշխատում տնտեսությունը, պարզապես չգիտենք ստույգ թվերը։ Ապագան նման կլինի անցյալին՝ գումարած որոշակի տատանումներ։

Այդ աշխարհն այլեւս չկա։

Համավարակը կործանեց մատակարարման շղթաներն այնպես, ինչպես չէր կանխատեսել  ոչ մի մոդել։ Համավարակին հաջորդած գնաճի թռիչքը դարձավ կենտրոնական բանկերի վերջին տասնամյակների կանխատեսման ամենամեծ սխալը։ Այժմ պատերազմը Մերձավոր Արեւելքում քաոս է սերմանում էներգետիկ հատվածում։

Լուսանկարը՝ REUTERS

Այս իրադարձություններից յուրաքանչյուրը պարզապես հզոր ցնցում չէ, որը հարվածել է այլապես կայուն համակարգին։ Դրանք նշանավորում են հենց համակարգի գործունեության սկզբունքի փոփոխությունը։

Տնտեսագետ Ֆրենկ Նայթն այս հետեւանքները գիտակցել էր դեռեւս 1921 թվականին։ Ռիսկը, պնդում էր նա, այն անորոշությունն է, որը կարելի է քանակապես չափել. թեեւ չեք կարող կանխատեսել արդյունքը, գիտեք հնարավորությունների շրջանակը եւ կարող եք դրանց հավանականություններ վերագրել։ Իսկական անորոշությունը, որն այժմ կոչվում է Նայթյան անորոշություն, այլ բան է. դրան հնարավոր չէ հավանականություն վերագրել, քանի որ իրավիճակն ինքնին կարող է փոփոխվել անկանխատեսելի կերպով։ Տնտեսությունը ենթարկվում է կառուցվածքային տեղաշարժերի, որոնք բացառում են անցյալի փորձի կիրառումը՝ ապագա արդյունքները գնահատելու համար։

Իրանում պատերազմը տիպիկ օրինակ է։ Մենք գիտեինք, որ հակամարտությունը Մերձավոր Արեւելքում հնարավոր է, եւ նավթային նախկին ճգնաժամերն ու էներգակիրների գների թռիչքները որոշակի պատկերացում տալիս են հետեւանքների մասին։ Սակայն մասնակիցների կոնկրետ համակցությունը, էսկալացիայի դինամիկան եւ ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա նախադեպ չունեն. եւ հենց նախկին դրվագներից ունեցած տարբերություններն ամենամեծ նշանակությունն ունեն։

Լուսանկարը՝ REUTERS

Հովհարաձեւ դիագրամը չի կարող այն արտացոլել։ Այն ենթադրում է, թե ապագա անորոշությունը կարելի է քանակապես գնահատել՝ հիմնվելով անցյալի կանխատեսման սխալների վրա։ Այն ասում է. ես գիտեմ սյուժեն, բայց չգիտեմ թվերը։ Սակայն, երբ հարցականի տակ է հենց սյուժեն, ավելի լայն հովհարաձեւ դիագրամը լուծում չէ։

Եթե մենք չենք կարող անորոշությունը հասցնել հավանականությունների մեկ միասնական բաշխման, ի՞նչ պետք է անենք։ Պատասխանը ոչ թե տնտեսական կանխատեսումից հրաժարվելու ու «գուշակ» փնտրելու մեջ է, այլ ձեւաչափը փոխելու մեջ։ Նյու Յորքի համալսարանից Ռոման Ֆրիդմանը եւ ես վերջերս առաջարկել ենք խիստ մոտեցում, որը նպատակ ունի ուղղորդել կանխատեսումները նայթյան անորոշության պայմաններում։

Մեկ բազային կանխատեսման եւ հովհարաձեւ դիագրամի փոխարեն՝ կանխատեսողները պետք է ներկայացնեն սցենարների փոքր փաթեթ. ոչ թե ավելորդ անգամ զգուշանալու կամ զարդարանքի համար, այլ որպես կառուցվածքային դատողություն ապագայի իսկապես բազմազան տարբերակների մասին։ 

Յուրաքանչյուր սցենար պետք է ներառի նարատիվ, որը բացատրում է տնտեսական տրամաբանությունը, պայմանական կանխատեսում, որը ցույց է տալիս, թե ինչ տեղի կունենա այդ սցենարի իրականացման դեպքում, եւ նկարագրություն այն մասին, թե ստացվող որ տվյալները կփոխեն գնահատականը դեպի այս կամ այն սցենարը։ Լավ սցենարների մշակումը ամենաբարդ մասն է. այն պահանջում է գործնական տնտեսական դատողություն, այլ ոչ միայն վիճակագրական տեխնիկա։

Իրանում պատերազմի պարագայում կարող է երկու կամ երեք սցենար լինել։ Զսպման սցենարի դեպքում հակամարտությունը մնում է տեղայնացված, նավթի մատակարարման խափանումները ժամանակավոր բնույթ են կրում, իսկ էներգակիրների գները մի քանի ամսվա ընթացքում վերադառնում են նախապատերազմյան մակարդակին։ Էսկալացիայի սցենարում պատերազմը տարածվում է, էներգետիկ ենթակառուցվածքները վնասվում են, նավթի գները հաստատվում են մշտական բարձր մակարդակի վրա, իսկ երկրորդային հետեւանքները գործարկում են համաշխարհային էներգետիկ առեւտրի հիմնարար վերակառուցումը։

Լուսանկարը՝ REUTERS

Յուրաքանչյուր սցենար ենթադրում է տարբեր հետագծեր գնաճի, տոկոսադրույքների եւ աճի դինամիկայի համար։ Ոչ մի միասնական բազային կանխատեսում՝ իր հովհարաձեւ դիագրամով, չի կարող ընդգրկել այս որակապես տարբերվող ապագայի տարբերակները։ Սցենարները՝ կարող են։

Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերից ոմանք արդեն շարժվում են այս ուղղությամբ՝ քաղելով հետհամավարակային գնաճի թռիչքի դաժան դասը։

Մարտին Եվրոպական կենտրոնական բանկն իր հովհարաձեւ դիագրամները փոխարինեց երեք այլընտրանքային սցենարներով եւ հայտարարեց, որ իր ստանդարտ հավանականային գործիքները «թույլ չեն տա հուսալի պատկերացում կազմել բարձր անորոշության մասին»։ Ինչպես ասել է ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը. «Մենք կրկին հայտնվել ենք մի այլ աշխարհում, որի ուրվագծերը դեռեւս հստակ չեն»։

Սցենարները հովհարաձեւ դիագրամով միասնական կանխատեսման երկրորդ կարգի փոխարինող չեն։ Երբ տնտեսությունը ենթարկվում է կառուցվածքային փոփոխությունների, դրանք ինտելեկտուալ առումով ազնիվ ձեւաչափ են, որն ի վիճակի է արտացոլել այն, ինչ մենք կարող ենք եւ չենք կարող իմանալ ապագայի մասին։

Փոփոխվող աշխարհում վստահությունը գալիս է ոչ թե միշտ իրավացի լինելուց. ոչ ոք այդպիսին չի լինի։ Այն պայմանավորված է ապագայի հնարավոր տարբերակների թափանցիկությամբ։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այդ հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       

Յունիբանկը հաստատել է իր համապատասխանությունը հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշներին՝ ստանալով հաճախորդների պաշտպանության հավաստագիր MFR միջազգային վարկանիշային գործակալությունից։

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 

Leave a comment