«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանի հարցազրույցը Banks.am-ին
– Այս տարի կայուն զարգացման հարցերին նվիրված ամենամյա Robust Armenia կոնֆերանսն անցնում է «Բիզնեսը եւ բնությունը» խորագրի ներքո: Որքանո՞վ արդիական է այս թեման «Լիդիան Արմենիա»-ի համար:
– Այս թեման ոչ միայն արդիական է «Լիդիան Արմենիա»-ի համար, այլ հիմնարար նշանակություն է ունեցել մեր գործունեության ամբողջ ընթացքում։ «Լիդիանը» ի սկզբանե առաջնորդվել է պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքով՝ համադրելով տնտեսական զարգացումը պատշաճ բնապահպանության հետ։ Մենք առաջինն ենք եղել Հայաստանում, որ տարիներ առաջ, երբ, միգուցե, այս թեման այդքան էլ արդիական չէր, Ամուլսարում ներդրել ենք բնապահպանական ռիսկերի կառավարման, այդ թվում կենսաբազմազանության պահպանման ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներ եւ մեխանիզմներ։
– 2025 թվականին ելույթ ունենալով Robust Armenia կոնֆերանսում՝ «Լիդիան Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն ասել էր. «Մոտ մեկ տասնամյակ տեւած մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, որի շնորհիվ վեր հանեցինք շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության հետ կապված բոլոր հարցերը եւ հնարավոր ռիսկերը, մեր ներդրումային ծրագրի արժեքն ավելացավ 80 միլիոն դոլարով»:
Խնդրում ենք ներկայացնել՝ ո՞ր ուղղություններն հավելյալ ներդրումներ պահանջել:
– «Լիդիան Արմենիա»-ն առաջին անգամ Հայաստանում իրականացրել է Ամուլսարի ծրագրի Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում (ԲՍԱԳ)՝ Էկվատորյան սկզբունքներին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարողական պահանջներին եւ սկզբունքներին համապատասխան։ ԲՍԱԳ-ում վեր են հանվել բոլոր հնարավոր ռիսկերն ու մշակվել են բնապահպանական ազդեցության կանխարգելման եւ մեղմացման անհրաժեշտ միջոցառումները եւ համակարգերը, որոնք պետք է իրականացվեն եւ ներդրվեն թե՛ շինարարության, թե՛ շահագործման ընթացքում։ Հենց այս մեխանիզմների եւ համակարգերի ներդրման արդյունքում էլ Ծրագրի արժեքն ավելացել է 80 մլն ԱՄՆ դոլարով։
Այդ գումարներն ուղղվել են Ամուլսարի ջարդիչ կայանում ժամանակակից փոշենստեցման, իսկ կույտային տարրալվացման հարթակում եւ ավազաններում ջրամերժ համակարգերի ներդրմանը։ Հանքավայրի տարածքում կոնտակտային եւ ոչ կոնտակտային ջրերի տարանջատման համար կառուցվել են լրացուցիչ ջրահավաք ավազաններ։ Նախատեսվել են պրոգրեսիվ ռեկուլտիվացիա եւ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջոցառումներ եւ ծրագրեր։ Դրանցից է, օրինակ, Մատնունի ծիրանավոր բուսատեսակի տեղափոխման եւ պահպանության ծրագիրը։
– Ի՞նչ է ձեռնարկել «Լիդիան Արմենիա»-ն կենսաբազմազանության ապահովման ուղղությամբ Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսումից հետո եւ ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջիկա ժամանակաշրջանի համար:
– 2025 թվականին Ամուլսարում աշխատանքների վերսկսումից հետո մենք ներգրավել ենք ՀՀ Բուսաբանության եւ ՀՀ Կենդանաբանության ինստիտուտներին եւ նրանց հետ համատեղ վերագործարկել ենք Ամուլսարում կենսաբազմազանության մոնիթորինգը։ Զուգահեռ թարմացնում ենք կենսաբազմազանության մոնիթորինգի, կառավարման եւ գործողությունների պլանները։ Ներգրավվել ենք միջազգային հեղինակավոր Hatch աուդիտորական, խորհրդատվական ընկերությանը, ինչը թույլ կտա վերհանել հնարավոր թերացումները եւ դրանց համար գտնել լուծումներ։ Այս ընթացքում թարմացրել ենք նաեւ մոնիթորինգային սարքավորումները, ինչն առաջիկայում թույլ կտա մոնիթորինգի որոշ մասեր իրականացնել օնլայն ռեժիմով։ Իհարկե, նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, նաեւ նոր հնարավորություններ են ստեղծվում առավել արդյունավետ բնապահպանական կառավարման եւ մոնիթորինգի իրականացման համար, եւ մենք մեր գործունեության ընթացքում մշտապես հետեւում ենք տեխնոլոգիական զարգացումներին եւ դրանք ներդնում մեր կառավարման համակարգերում։
– Վերջին տարիներին շատ են խոսում «կանաչ տնտեսության» մասին, սակայն հաճախ դա ավելի շատ բարի ցանկություն է եւ ոչ թե իրականություն: Ո՞րն է կանաչ տնտեսության «Լիդիան Արմենիա»-ի տեսլականը:
– «Լիդիան Արմենիա»-ի համար «կանաչ տնտեսությունը» գործնական մոտեցումների եւ չափելի արդյունքների համակարգ է։ Մենք հասկանում ենք, որ հանքարդյունաբերության ոլորտն ունի որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա, սակայն մեր ամենօրյա գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք այդ ազդեցությունը կառավարելու կամ նվազագույնի հասցնելու սկզբունքով՝ կիրառելով միջազգային լավագույն փորձն ու նորագույն տեխնոլոգիաները։
Մեզ համար «կանաչ տնտեսությունը» ռեսուրսների պատասխանատու կառավարման, ժամանակակից եւ անվտանգ տեխնոլոգիաների, շարունակական բնապահպանական մոնիթորինգի համակցություն է, որի արդյունքում ստեղծվում է երկարաժամկետ արժեք եւ ապահովվում է կայուն զարգացում։
Robust Armenia 2026 կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 13:00-ը:
Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.