Լիբանանն Իսրայելին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ է մեղադրել․ Թրամփը հույս է հայտնել՝ «Հըզբոլլահ»-ն իրեն «լավ կպահի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում գրառման մեջ հույս է հայտնել, որ Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը «լավ կգործի» Լիբանանում հրադադարի ժամանակ։

«Դա նրանց համար մեծ պահ կլինի, եթե դա անեն։ Այլևս ոչ մի սպանություն։ Վերջապես պետք է խաղաղություն լինի»,- հավելել է նա։

Հինգշաբթի Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ։ Սակայն Լիբանանն Իսրայելին արդեն մեղադրում է  հրադադարը խախտելու մեջ։

Իսրայելը բազմիցս խախտել է հրադադարը, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել ապրիլի 17-ի գիշերը, հայտարարել է Լիբանանի բանակը՝ իսրայելական ուժերին մեղադրելով հարավում գտնվող մի քանի գյուղերի ուղղությամբ կրակոցների մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Բանակի հրամանատարությունը կոչ է անում քաղաքացիներին հետաձգել հարավային գյուղեր և քաղաքներ վերադարձը՝ հրադադարի մի շարք խախտումների պատճառով, որոնց ընթացքում Իսրայելի կողմից հարձակումներ են գրանցվել»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Լիբանանի պետական ​​NNA լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ հայտարարված հրադադարի առաջին ժամերին Իսրայելի բանակը շարունակել է հրետակոծել հարավային Ալ-Խիամ և Դբեյբին քաղաքները:

Լիբանանում հրադադարն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ից և պետք է պահպանվի տասը օր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դրա մասին մեկ օր առաջ։ Նա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման։

Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին համաձայնագրին նախորդել էին երկու երկրների ներկայացուցիչների միջև Վաշինգտոնում տեղի ունեցած ուղիղ բանակցությունները՝ առաջինը նման մակարդակով 1993 թվականից ի վեր: Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ բանակցությունները կարող են հանգեցնել «համապարփակ խաղաղության համաձայնագրի»:

Զինված դիմակայությունը կրկին սրվել էր  փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց հետո: Մարտի սկզբից «Հըզբոլլահը» վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-Իսրայելական ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան: Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանից եկող հարձակումներին պատասխանում են  զանգվածային ավիահարվածներով:

Մարտերն ընդգրկում են հարավային Լիբանանը և նրա արևելյան շրջանները, ինչպես նաև մայրաքաղաք Բեյրութն ու արվարձանները: Ցամաքային գործողության ընթացքում Իսրայելի բանակը խորը առաջխաղացում ունի երկրի տարածքում և սահմանային շրջանում կռվել է «Հըզբոլլահի» դեմ: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտերի և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է շուրջ 2200 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ: Իսրայելի բանակը հայտնել է մարտի սկզբից ի վեր «Հըզբոլլահի» ավելի քան 1700 անդամի մահվան մասին: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճշգրիտ թիվն անհայտ է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment