Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման

Քաղաքականություն

16.04.2026 | 21:54

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող Հորադիզ-Աղբենդ ճանապարհի և երկաթուղու շինարարության ընթացքին։ Պատվիրակությունը այցելել է Աղբենդ գյուղում գտնվող Արաքս գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Աղբենդի կամուրջն արդեն պատրաստ է և մոտ ապագայում կշահագործվի։

«Ներկայում երկու կողմերում էլ ընթանում է սահմանային անցակետի շինարարություն, որը նույնպես շուտով կշահագործվի»,- ասել է նա։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ նոր կամուրջը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքների մաս է կազմում։

«Ռուսաստանը շահագրգռված է այս ենթակառուցվածքի արագ գործարկմամբ»,- հայտարարել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ այս երթուղին հարմար կլինի Ռուսաստանից Իրան, Նախիջևան և Թուրքիա բեռներ տեղափոխելու համար և օգուտ կբերի այն օգտագործող բոլոր երկրներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment