Զինված հարձակումներից հետո Թուրքիայի բոլոր դպրոցներում ոստիկաններ են տեղակայվել

Թուրքիայի Ներքին գործերի և կրթության նախարարությունները հայտարարել են դպրոցների անվտանգության համապարփակ միջոցառումների մասին՝ Քահրամանմարաշի և Շանլըուրֆայի դպրոցներում տեղի ունեցած զինված հարձակումներից հետո, և հրամայել յուրաքանչյուր դպրոցում տեղակայել առնվազն երկու ոստիկանի։

Մշակվել է բազմաշերտ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր և անցկացվել է նահանգային ռիսկերի գնահատում՝ կապված Քահրամանմարաշում մահացած աշակերտների հուղարկավորության և Թոքաթում 17-ամյա աշակերտի կալանավորման հետ՝ դպրոցի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիքներ տարածելու համար։

Ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին և կրթության նախարար Յուսուֆ Թեքինը արտակարգ նիստ են հրավիրել, որի ընթացքում քննարկվել է Քահրամանմարաշի և Շանլըուրֆայի հարձակումների տեղի ունենալու եղանակը, նախնական արձագանքման գործընթացը, միջհաստատական ​​համակարգման կարողությունները և հարձակումներից առաջ առկա ռիսկի ազդանշանները։ Դիտարկվել են նաև դպրոցների ներքին և արտաքին անվտանգությունը, մուտքի-ելքի ընթացակարգերը,  տեսախցիկների համակարգերը, այցելուների կառավարումը, դպրոցական ավտոբուսների երթուղիները և աշակերտների հավաքատեղիները։

ՆԳՆ-ն ուժեղացված անվտանգության միջոցառումներ է  ձեռնարկել 81 նահանգների բոլոր կրթական հաստատություններում։

Ստամբուլում ոստիկանությունը ստուգել է տրանսպորտային միջոցները և ինքնության ստուգումներ իրականացրել դպրոցների շրջակայքում։

Հայտարարության մեջ ֆիզիկական անվտանգության հետ մեկտեղ հստակորեն նշվել են թվային և մշակութային գործոնները:

«Ինտերնետի օգտագործումը, սոցիալական ցանցերի հարթակների ազդեցությունը, թվային ալիքներով տարածված վնասակար բովանդակությունը, կիբերհարձակումը, հանցագործության և հանցագործների գովաբանումը, ինչպես նաև հեռուստասերիալների, ֆիլմերի և նմանատիպ ժողովրդական մշակույթի տարրերի ազդեցությունը, որոնք նորմալացնում են բռնությունը մեր երեխաների վրա, քննարկվել են բազմակողմանիորեն»,- ասվում է գերատեսչությունների հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ հինգշաբթի Թոքաթ նահանգի Նիկսար շրջանում 17-ամյա աշակերտ է ձերբակալվել՝ սոցցանցերում դպրոցի վրա հնարավոր հարձակման մասին գրառում կատարելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment