Ռուս գործարարները հետաքրքրված են Ղարաբաղի տարածքներում շինաշխատանքներին մասնակցությամբ․ Օվերչուկ

Քաղաքականություն

16.04.2026 | 18:25

Ռուս գործարարները հետաքրքրված են Ադրբեջանի ազատագրված տարածքներում (խոսքն Արցախի մասին է) շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստում, որն անցկացվում է Կովսականում (Զանգիլան)։

«Մենք խրախուսում ենք ռուսական բիզնեսին՝ ակտիվորեն մասնակցել այստեղ իրականացվող նախագծերին: Մասնավորապես, ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը լայն հնարավորություններ է բացում նման համագործակցության համար»,- նշել է նա։

Օվերչուկը նաև հայտնել է, որ Ջաբրայիլ և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև համագործակցության շրջանակում կարևոր կապեր են հաստատվել. «Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում Աստրախանի մարզի միջոցներով Զանգիլանի շրջանի գյուղերում կառուցվում են մանկապարտեզներ»:

Նշենք նաև, որ Կովսականում կայացած ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքներով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Ալեքսեյ Օվերչուկը արձանագրություն են ստորագրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment