Ազգային ժողովի նախկին պատգամավոր («Իմ քայլը» խմբակցություն) Սոֆյա Հովսեփյանը (ըստ Ազգային ժողովի կայքի՝ Սոֆիա Հովսեփյան-խմբ․) ապրիլի 15-ին իր ֆեյսբուքյան գրառման ու դրան հաջորդած մեկնաբանություններում ոչ ճիշտ տեղեկություն է տարածել ընտրական գործընթացում բարեգործությունների ու դրանց արգելքի վերաբերյալ։
Հովսեփյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշում է․ «․․․այսօր, իրապես սրտացավ բարեգործությունը դիտարկվում է, որպես ծանր հանցագործություն»։
Այս պնդումը մասամբ է համապատասխանում իրականությանը․ ընտրական գործընթացի ընթացքում բարեգործությունը կարող է քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ, եթե այն դիտարկվում է որպես ընտրակաշառք, քանի որ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ նախընտրական շրջանում «բարեգործության անվան տակ ընտրողներին» ինչ-որ բան տալը ենթադրում է 3-ից 6 տարի ազատազրկում։
Ի դեպ, Քրեական օրենսգրքի դասակարգմամբ՝ այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 10 տարի ազատազրկում է, դասվում են ծանր հանցագործությունների շարքին
Շարունակելով թեման՝ մեկնաբանություններ բաժնում Հովսեփյանը գրել է․ «․․․մեկ ամիս առաջ օրենք են հանել, որ մինչև հունիսի 7 բոլոր բարեգործությունները համարվում են ընտրակաշառք»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի օրենսդրությունը ընտրական շրջանում բարեգործությունների արգելքի մասին և պարզել, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Քրեական օրենսգրքում ընտրական գործընթացի ընթացքում բարեգործությունների սահմանափակման վերաբերյալ նոր փոփոխություններ վերջին շրջանում չեն կատարվել։
Նոր Քրեական օրենսգիրքը ընդհանրապես, իսկ բարեգործության արգելքի մասին դրույթը մասնավորապես, ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին, այլ ոչ թե մեկ ամիս առաջ:
Ավելին՝ Հովսեփյանը, որպես պատգամավոր, օրենսգրքի առաջին ընթերցման քննարկման ժամանակ կողմ է քվեարկել դրա ընդունմանը, որտեղ առկա է եղել 221 հոդվածը՝ բարեգործության արգելքի մասին։
Նույն նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ Հովսեփյանը բացակա է եղել։
ՀՀ քրեական գործող օրենսգրքում ընտրությունների ժամանակ բարեգործություն կատարելու արգելքը սահմանող հոդվածը չի փոփոխվել, մնացել է նույնը, ինչ ընդունվել է 2021 թվականին։
Փաստացի ընտրական ու նախընտրական շրջանում բարեգործության ու դրա արգելքի վերաբերյալ հոդվածում որևէ նոր փոփոխություն չի կատարվել։
Նկատենք՝ նույնատիպ դեպք եղել էր նաև 2017-ին․ այդ ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր և պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանը դժգոհել էր, թե քարոզարշավի ժամանակ բարեգործություններն ու նվիրատվությունները արգելվում են։ «Պարոն Մուկուչյանն էլ օրենք ա հանել, էն Կենտրոնական հանձնաժողովի նախագան, մարդկանց խոստում էլ չտաս»,- Ապարանում հանդիպման ժամանակ ասել էր Ծառուկյանը։ Նա այդ հայտարարությունն արել էր այն դեպքում, երբ իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ էր քվեարկել համապատասխան օրենքի ընդունմանը։
Կարդացեք՝ Ծառուկյանը չգիտի, թե ով է ընդունում օրենքները
Այսպիսով, Սոֆյա Հովսեփյանը սխալվում է․ Քրեական օրենսգրքի բարեգործության արգելքի մասին հոդվածում որևէ փոփոխություն չի կատարվել վերջին ժամանակներում։ Իսկ այն հոդվածը, որի մասին խոսում է Սոֆյա Հովսեփյանը, ընդունվել է 2021 թվականին, երբ ինքը պատգամավոր էր։ Վերջինը, ըստ բաց աղբյուրների, առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել օրինագծին։
Արեն Նահապետյան
The post Սոֆյա Հովսեփյանը սխալվում է․ բարեգործության արգելքը նոր չէ, այն ընդունվել է 2021-ին, ինքն էլ կողմ է քվեարկել appeared first on FIP.AM.