Դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով. Հովհաննիսյան


Մենք մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք փորձել իրականացնել արդարադատության ոլորտում, դատական համակարգում, դրանք տեղ-տեղ տվել են իրենց արդյունքները, բայց մեծ հաշվով, մենք գոհ չենք արդյունքներից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով արդարադատության ոլորտի խնդիրներին` ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:


«Մեր գոհ չլինելը հատկապես արտահայտվում է ժողովրդի հետ մեր խոսակցություններում ունեցած տպավորություններից, և դրա համար կարծում ենք, որ նոր Սահմանադրության մեջ պետք է արմատական փոփոխություններ արվեն այս իմաստով, մասնավորապես երդվյալ ատենակալների ինստիտուտի իմաստով, որպեսզի մենք կարողանանք ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որ թե մենք,  թե ՀՀ քաղաքացիները գոհ լինեն արդարադատության ոլորտում տեղի ունեցող գործընթացներից: Սրա մասին է խոսքը»,- ասաց Հովհաննիսյանը:


Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչ ուղիղ կապ կա Սահմանադրության և դատաիրավական համակարգի միջև, պատասխանեց՝ դատաիրավական համակարգում խորքային փոփոխությունները հնարավոր է անել նոր Սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով:


«Երդվյալ ատենակալների ինստիտուտն այդ գործիքներից մեկն է; Կարծում եմ՝ արդարադատության ոլորտի մեր գործընկերները ձեզ ավելի մանրամասն պատասխաններ կտան այս իմաստով»,- նշեց նա՝ հավելելով, թե ինքը այս իմաստով կարող է տալ միայն քաղաքական գնահատական:


Նրա խոսքով՝ վերջին շրջանում հանդիպումները ՀՀ քաղաքացիների հետ ամենատարբեր համայնքներում խոսում են դրա մասին, որ արդարադատության համակարգը չի գոհացնում ՀՀ ժողովրդին:


«Եվ, այո՛, ես էլ եմ կիսում վարչապետի դիտարկումը այս իմաստով խայտառակ վիճակում է»,- 


Հարցին՝ արդյոք անցած 8 տարիներին իշխանությունն ունեցել է գործիքների պակաս, պատասխանեց՝ իրենք անցել են ճանապարհ, որն անցնելուց հետո եկել են այդ եզրակացության:


«Այս պահին գտնում ենք, որ կա գործիքների պակաս և նաև՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն»,- եզրափակեց խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Leave a comment