Կան քաղաքացիներ, որոնք 100-ավոր կանչեր են իրականացնում` զրկելով մյուսներին շտապ օգնությունից օգտվելու իրավունքից․ Ավանեսյանը՝ տարեկան 8 անվճար կանչերի մասին

Ավանեսյանն անդրադարձել է շտապօգնության կանչերի սպասարկման գործընթացում հունվարից կատարված փոփոխությանը


ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է շտապօգնության կանչերի սպասարկման գործընթացում հունվարից կատարված փոփոխությանը և հայտնել, որ կան այս ծառայության խոշոր չարաշահումներ։


«Մենք ունենք քաղաքացիներ, որոնք 100-ավոր կանչեր են իրականացնում` զրկելով այլ քաղաքացիներին շտապ օգնությունից օգտվելու իրավունքից, և կյանք փրկելու խնդիր է առաջանում», – ասաց Ավանեսյանը։ 


Նա հայտնեց, որ բոլորի մասով, միանշանակ, բացառություններ դիտարկվում են, և որևէ անձ, ըստ կարիքի, շտապ օգնությունից օգտվելու խնդիր չի ունենա։ 


Հիշեցնենք, որ հունվարի 14-ին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը հայտնել էր, որ յուրաքանչյուր անձի համար տարեկան անվճար կլինի 8 կանչ։ 


«Այսինքն՝ պետության կողմից երաշխավորված անվճար կլինի յուրաքանչյուր անձի համար 8 կանչ, իսկ արդեն 9-րդ կանչը կլինի վճարովի։ Կանչի գինը 10 հազար դրամ է։ Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն, հրազենային վնասվածք, այլ արտակարգ դեպքեր, սակայն մնացած դեպքերում լինելու է վճարովի», – ասել էր Գրիգորյանը։


Leave a comment