«Այսպես պարտվում եք»․ Արա Սահակյանի հորդորն ընդդիմությանը՝ անցնել ռացիոնալ քաղաքական պայքարի

«Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը գրել է.

«Այս պահի դրությամբ պարտվում եք։ Իշխանության համար պայքարը տեղափոխեք քաղաքական-գաղափարախոսական դաշտ։ ՔՊ-ի ականջներից բռնած քարշ տվեք ռացիոնալ բանավեճի ասպարեզ։ Ընդդիմությունը պատասխան պահանջողն է, իշխանությունը՝ պատասխան տվողը։

Տվեք ՔՊ-ի 8-ամյա կառավարման արդյունքների հաշվեկշիռը և նրա նոր նախընտրական ծրագրի գնահատականը։ Վեր հանեք նախկին ծրագրի չկատարած խոստումները։

Քաղաքական դաշտում իշխանությունը հաճախ օգտագործում է կոշտ հռետորաբանություն՝ պատասխանատվությունից խուսափելու համար․

Հիշեք՝ կեղծիքի, լեզվակռվի, հայհոյախոսության մեջ ՔՊ-ն անգերազանցելի է, որովհետև այդտեղ է նա պատսպարվում, որպեսզի պատասխան չտա իր հանցավոր սխալների համար»։

Նա նաև կոչ է արել դադարեցնել ներքին պառակտումը և անցնել համակարգված քաղաքական աշխատանքի․

Դադարեցրեք երկպառակությունը։ Ստեղծեք ամենօրյա ռեժիմով գործող հաղորդակցության ուղիներ՝ իրականացրեք համատեղ հրապարակային գործողություններ՝ հանրահավաքներ, երթեր, քննարկումներ, ներդաշնակեցրեք միջազգային գործընկերների հետ աշխատանքը, համաձայնեցրեք ընտրախախտումների կանխարգելման և մեղավորներին իրավական պատասխանատվության ենթարկվելու, ապօրինի հետապնդվող անձանց աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքները»։

Leave a comment