ՀՀ-ի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների վրա․ Ռուսաստանի ԱԳՆ

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը, հայտարարել է, որ որոշակի պահի Բրյուսելը սկսում է ցանկացած թեկնածու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հետ, որն այժմ բացահայտ հակառուսական է։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ ԵՄ բոլոր պահանջների կատարումը չի երաշխավորում անդամակցությունը։

Նա որպես օրինակ բերել է Արևմտյան Բալկանների իրավիճակը, որտեղ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Սերբիան, տասնամյակներ շարունակ սպասել են ԵՄ-ին միանալուն՝ կատարելով ոչ ժողովրդական պահանջներ, սակայն, նրա խոսքով, դեռևս մոտ չեն իրենց «եվրաերազանքի» իրականացմանը։

Մասլեննիկովը նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունը չի երաշխավորում բարգավաճում թեկնածու երկրների համար՝ որպես օրինակ բերելով Բալթյան երկրներին, որոնց տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշները, նրա խոսքով, «մեղմ ասած՝ տպավորիչ չեն», չնայած ԵՄ-ին անդամակցության 20 տարվան։

Նա հայտարարել է, որ Հայաստանի արագացված մերձեցումը ԵՄ-ի հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշինքի, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment