Ջրային կոմիտեի նախագահը Շիրակում քննարկել է խմելու ջրի և Ախուրյան գետի խնդիրները


Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը տեղակալ Կարեն Դաղբաշյանի և կոմիտեի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից:


 


Մինչև Գյումրի հասնելը՝ Ջրային կոմիտեի նախագահը հյուրընկալվել է Մարալիկ քաղաքում, որտեղ հանդիպել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ։ Կողմերը քննարկել են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված և հրատապ լուծում պահանջող խնդիրներ, մասնավորապես՝ նոր ջրատարների կառուցման և առկա ենթակառուցվածքների նորոգման հարցեր։ Կոմիտեի նախագահը խոստացել է լինել հետևողական և փորձել գտնել ֆինանսավորման աղբյուրներ՝ բարձրացված խնդիրների հասցեագրման նպատակով։


 


Անի խոշորացված համայնքի ղեկավարի հետ Ղալամքարյանն այցելել է Սառնաղբյուրի ջրամբար, տեղում քննարկել ջրամբարում առկա ֆիլտրացիայի խնդիրը։


 


Այնուհետև այց է կատարվել համայնքի տարածքում առկա խմելու ջրի աղբյուրներ, որտեղ Ջրային կոմիտեի նախագահին ներկայացվել է առաջարկ՝ մոտակա բնակավայրերը խմելու ջրով ապահովելու հնարավոր գործողությունների մասին։


 


Մարզկենտրոն Գյումրիում Ջրային կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ։ Քննարկվել են մարզում առկա՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները։


 


Առանձին անդրադարձ է կատարվել Ախուրյան գետի «Աջափնյա» ջրանցքի շուրջ տարիներ շարունակ ձգվող խնդրին.


 


իրավական թնջուկը կապված է ջրանցքի օտարման և այն «Ջրաձոր ՀԷԿ»-ին շահագործման տրամադրման հետ:


 


Կողմերը հանդիպել են Ախուրյան գետի վրա ՀԷԿ շահագործող «Լայթեքո» ընկերության ներկայացուցիչների հետ, համատեղ շրջայց կատարել Ախուրյան գետի և «Աջափնյա» ջրանցքի տարածքում:


 


 Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ կարվի առավելագույնը՝ խնդիրը լուծելու և Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար։

Leave a comment