Իշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի


Քաղաքականություն



Ժողովրդավարությունը ենթադրում է իշխանության պարբերական փոփոխություն, հաշվետվողականություն և հավասարակշռված կառավարման համակարգ։ Սակայն երբ իշխանությունը երկարաձգվում է և վերածվում ինքնանպատակ գործընթացի, այն աստիճանաբար կորցնում է իր բովանդակությունը՝ վերածվելով ձևականության։ Հունգարիայում ձևավորված իրավիճակը այս տրամաբանության վառ օրինակներից է։

Չնայած Վիկտոր Օրբանը պաշտոնավարել է երկու ժամկետից ավելի, իր աթոռին կառչելու նրա փորձերը սկսվել են նրա երկրորդ ժամկետից: Նա վերաձևակերպեց ընտրական կանոնները՝ իշխող կուսակցությանը օգտին, ներառյալ խորհրդարանում տեղերի թվի կրճատումը և երկրորդ փուլի վերացումը: Նա վերահսկողություն հաստատեց հիմնական ինստիտուտների նկատմամբ՝ վախը որպես իշխանությունը պահպանելու գործիք օգտագործելով:

Այսօր նույն տրամաբանությունը, տարբեր դրսևորումներով, նկատելի է նաև Հայաստանում։ Գործող իշխանությունը քայլ առ քայլ ամրապնդում է իր դիրքերը՝ վերահսկողություն սահմանելով պետական ինստիտուտների վրա և նվազեցնելով հակակշիռների դերը։ Դատարանների անկախության սահմանափակումը, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները և ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ իշխանությունը սկսում է գործել առանց իրական սահմանափակումների։

Ավելի մտահոգիչ է այն, որ իշխանության պահպանման համար կիրառվող գործիքակազմը դառնում է ավելի կոշտ։ Գույքի բռնագրավման և տնտեսվարողների նկատմամբ ճնշումների մասին խոսակցությունները, պետական միջամտության աճը տնտեսության մեջ և ընտրովի մոտեցումները բիզնեսի նկատմամբ ազդակ են, որ երկրում նվազում է իրավական կանխատեսելիությունը։ Սա իր հերթին հարվածում է ներդրումային միջավայրին և խոչընդոտում տնտեսական զարգացմանը։

Տնտեսական դաշտում ստեղծված խնդիրները, որոնք հաճախ ծածկվում են ցուցադրական վիճակագրությամբ, աստիճանաբար դառնում են ավելի ակնհայտ։ Բնակչության նվազումը, գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացման խոչընդոտները, սոցիալական ոլորտներում՝ կրթության և առողջապահության որակի անկումը, ինչպես նաև թոշակառուների ծանր վիճակը խոսում են համակարգային խնդիրների մասին։ Այս ամենը խորանում է արտաքին քաղաքական մարտահրավերների ֆոնին, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում, ինչը կարող է լրացուցիչ տնտեսական և սոցիալական ճնշումներ ստեղծել։

Այս համատեքստում առավել վտանգավոր է իշխանության անպատժելիության զգացումը։ Երբ կառավարման համակարգը կենտրոնանում է մեկ ուժի ձեռքում և զրկվում հակակշիռներից, քաղաքական գործընթացը դադարում է ծառայել հանրային շահին և սկսում է սպասարկել իշխանության վերարտադրության նպատակին։

Արդյունքում ձևավորվում է փակ շրջան, որտեղ երկարատև իշխանությունը ոչ միայն չի լուծում կուտակված խնդիրները, այլև ստեղծում է նորերը՝ խորացնելով հասարակության բևեռացումը և նվազեցնելով պետական կառավարման արդյունավետությունը։
Ընդդիմադիր գործիչները, չափազանց երկար մնալով իշխանության մեջ, դառնում են նույն հին «նախկինները», ովքեր խնդիրներ չեն լուծում, այլ պարզապես ստեղծում են գործողության տպավորություն։




Leave a comment