Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «հասել են գագաթնակետին»

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «որակով եւ ծավալով հասել են գագաթնակետին»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին չեխական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով օգնական Էլչին Ամիրբեկովը։
«Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացեց»,- նշել է նա։
Էլչին Ամիրբեկովն ասել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ գործընկերությունը դիտարկում է որպես Ասիայի եւ Եվրոպայի միջեւ տրանսպորտային կապվածության զարգացման խոշոր ծրագրերի առաջմղման հիմնական գործոն։
«Խոսքը ապագայում նոր կամ այլընտրանքային կապվածության երթուղու ստեղծման մասին է, որը Արեւելյան Ասիան Կասպյան ծովի եւ Հարավային Կովկասի միջոցով կկապի Արեւմտյան Եվրոպայի հետ»,- նշել է նա։
«Երկրորդ տարրը, որն այս հարաբերություններն առանձնակի կարեւոր է դարձնում, այն դրական դերն է, որ Միացյալ Նահանգները եւ ներկայիս վարչակազմը խաղացել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության առաջմղման գործում»,- ընդգծել է Ամիրբեկովը։ 

Leave a comment