Ռուսաստանյան «Եվրազիա» կազմակերպության խորհրդի անդամ, ընդդիմադիր բլոգեր Միկա Բադալյանը, այսօր իր տելեգրամյան ալիքում, հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին, պնդել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «50 միլիոն եվրո է հատկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար»։
Բադալյանը հղում է արել ֆրանսիական հայտնի տնտեսական և բիզնես ուղղվածության La Tribune ամսագրին։
«La Tribune»-ը բացահայտորեն հայտարարում է, որ Փարիզը 50 միլիոն եվրո է ներդնում ձախողված ռեժիմը փրկելու համար»,- գրել է Բադալյանը։ Նրա գրառումը տարածել է նաև ռուսամետ «Ծիծակ» հայկական ալիքը։
Կեղծված շապիկ ու կեղծ լուր
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է La Tribune-ի կայքն ու այլ առցանց ռեսուրսներ ու պարզել, որ այն նման լուր չի հրապարակել։
Հատկանշական է նաև, որ Բադալյանի հրապարակած շապիկում երևում է ամսագրի համարը՝ N8305 ու թողարկման ամսաթիվը՝ 2026 թվականի ապրիլի 10։ FIP.am-ը պարզել է, որ այդ համարի ամսագրի շապիկը բոլորովին այլ տեսք ու գլխագիր ունի («Ֆրանսիական արդյունաբերությունն անկման մեջ է»)։
À la une de La Tribune du 10 avril
La productivité française en panne
Souveraineté — Sous sanction américaine, la non-vie numérique du juge Guillou
Carburant — Amir Reza-Tofighi (CPME) : « Faisons des aides simples »
Aéro — Airbus mise sur les services pour… pic.twitter.com/XZj9IoW0Wm— La Tribune (@LaTribune) April 9, 2026
Այսպիսով, պարբերականի շապիկը կեղծվել է, և այն Փաշինյանի ու Մակրոնի վերաբերյալ նման տեղեկություն չի հրապարակել։
X-ի օգտատերը՝ կեղծիքի աղբյուր
Տեղեկությունն ավելի վաղ տարածվել է նաև X սոցիալական մեդիայում՝ Satoshi Nekomoto անունով օգտահաշվից։
French newspapers have begun to pay more attention to the relationship between Emmanuel Macron and Nikol Pashinyan@LaTribune @libe @LaCroix @EmmanuelMacron @NikolPashinyan @ZartonkMedia @armlurnews @a1plusnews @PanARMENIANNet @epressam @AFP @FRANCE24 @BFMTV @TF1info @franceinfo pic.twitter.com/67PAQZsczX
— SatoshiNekomoto (@cggathome) April 13, 2026
Օգտահաշվում, բացի La Tribune-ին վերագրվող վերոհիշյալ տեղեկությունից, առկա են նաև ֆրանսիական ևս երկու պարբերականի՝ La Croix-ի և Liberation-ի շապիկներ, որոնց վրա իբրև թե առկա են Փաշինյանին վերաբերող սկանդալային գլխագրեր։
Ըստ օգտահաշվի՝ La Croix-ը ևս պնդում Է Մակրոնի՝ Փաշինյանի իշխանությանը տասնյակ միլիոնավոր եվրոների հասնող աջակցության մասին, իսկ Liberation-ի վերնագրում նշվում է, որ Մակրոնը Փաշինյանից «նոր [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկի է ստանում»։
Այս մեդիառեսուրսները նման հրապարակումներ չեն արել, ավելին՝ դրանց շապիկները ևս կեղծվել են, օրինակ Liberation-ի ապրիլին թողարկված 13910 համարը, որը կեղծվել է օգտահաշվի կողմից, բոլորովին այլ տեսք ունի, իսկ դրա գլխագիրը վերաբերում է Հորմուզի նեղուցի շրջափակման խնդրին։
Իսկ La Croix-ի 43494 համարի թողարկման շապիկին պատկերված է Հռոմի Լևոն պապը, որին էլ վերաբերում են թերթի գլխագրերը։
Այսպիսով, ֆրանսիական հեղինակավոր պարբերականների շապիկները կեղծվել են և դրանց են վերագրվել տեղեկություններ, որոնք ԶԼՄ-ները չեն հրապարակել։
Նանե Մանասյան
The post Կեղծ շապիկներ ու գլխագրեր․ ֆրանսիական թերթերը չեն գրել «Փաշինյանի իշխանությունը պահելու համար 50 մլն եվրո տալու» մասին appeared first on FIP.AM.