Սի Ցզինպինը Մերձավոր Արևելքում խաղաղության համար «չորս առաջարկ» է ներկայացրել

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կոչ է արել աշխարհին թույլ չտալ «վերադառնալ ջունգլիների օրենքին»։ Սա Սիի  ամենաէական մեկնաբանությունն է Մերձավոր Արևելքի անվտանգության վերաբերյալ՝ վեց շաբաթ առաջ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ի վեր, որը տարածաշրջանը ներքաշել է հակամարտության մեջ, գրում է CNN-ը։

Սի Ցզինպինը, որը Պարսից ծոցում պատերազմին Չինաստանի արձագանքելու պարտականությունը մեծ մասամբ թողել է իր դիվանագետների վրա, այս հայտարարությունն արել է Պեկինում Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամեդի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը մտքեր են փոխանակել Պարսից ծոցում ներկայիս իրավիճակի վերաբերյալ, Սին շեշտել է Չինաստանի դիրքորոշումը՝ խթանելու խաղաղությունն ու երկխոսությունը, միաժամանակ, վերահաստատելով, որ այն «կշարունակի կառուցողական դեր խաղալ»։

«Չորս առաջարկների» շրջանակում Սին, մասնավորապես, կոչ է արել պահպանել պետությունների միջև «խաղաղ համակեցության սկզբունքը» և մշակել «կայուն անվտանգության ճարտարապետություն»։ Նա նաև կոչ է արել պահպանել միջազգային իրավունքի գերակայությունը և չկիրառել այն «ընտրողաբար»։

CNN-ն ընդգծում է, որ «ջունգլիների օրենքը» արտահայտությունը հաճախ օգտագործվում է չինական առաջնորդների և պետական ​​լրատվամիջոցների կողմից՝ քննադատելու միակողմանի գործողությունները, որոնք հաճախ իրականացվում են ԱՄՆ-ի կողմից։

Սի Ցզինպինը նշել է, որ պետք է հարգվի ազգային ինքնիշխանությունը, ներառյալ՝ «բոլոր երկրների» անձնակազմերի, օբյեկտների և հաստատությունների անվտանգության պաշտպանությունը, և որ պետք է լինի համակարգում «անվտանգության և զարգացման» միջև։

ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շուրջ ցանկացած շրջափակում կլինի «վտանգավոր և անպատասխանատու»։ Այս մասին էլ լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է խորտակել այնտեղից դուրս գալ կամ կանգառ անել ցանկացող ցանկացած նավ։

«ԱՄՆ-ն ակտիվացրել է ռազմական գործողությունները և ձեռնարկել է նպատակային շրջափակման գործողություններ, որոնք միայն կսրեն լարվածությունը և կխաթարեն արդեն իսկ փխրուն հրադադարի համաձայնագիրը և ավելի կվտանգեն նեղուցով անցման անվտանգությունը»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ «սա վտանգավոր և անպատասխանատու վարքագիծ է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment