Փաստաբանները պնդում են, որ ՔԿ-ի հրապարակած «ահաբեկչության մասին» փաստաթուղթն ուղղակի անհեթեթություն է։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ձեռագրաբանական փորձաքննություն չի անցկացվել՝ հասատատելու համար՝ Բագրատ սրբազանը կապ ունի՞ «ահաբեկչություն պատրաստելու մասին» փաստաթղթում գրվածի հետ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Բագրատ սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլանի» թեմային։
«Արդարադատական կարգով կիսվում եմ մի փաստաթղթով, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր որպես Բագրատ սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Սկզբում, երբ արմատուրաների նկարներ էին հրապարակում, ՀՀ վարչապետը, ՔԿ նախագահը տարբեր ինֆորմացիաներով գրոհում էին հասարակությանը, բայց փաստաթուղթ չկար։ Մենք բարձր պաշտոններ զբաղեցնող իրավապահների հասցեին քննադատական խոսք հնչեցրինք, դրանից հետո հրապարակեցին փաստաթուղթ՝ իբրև Բագրատ սրբազանի ձեռքով գրված։ Հայտնեմ, որ խոցելի փաստեր պետք է լինեն ու առնվազն դատաձեռագրաբանական փորձաքննություն պետք է անցկացվեր։ Երբևէ նման փորձաքննություն չի նշանակվել»,- ասաց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ Բագրատ սրբազանի ձեռքով գրված ցանկացած փաստաթուղթ կարելի է համեմատել այդ հրապարակված փաստաթղթի հետ ու նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չէ։
Պաշտպաններից Տաթևիկ Սողոյանն էլ նշեց, որ փաստաթուղթն անգլերեն է ու իրենք միտումնավոր չեն թարգմանել այն, որպեսզի և՛ ձեռագիրը, և՛ բովանդակությունը հստակ լինեն բոլորի համար։
«Այստեղ նշվում են աշխարհաքաղաքական այնպիսի խաղացողներ, որոնք պետք է ներգրավված լինեին այս գործընթացում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Կիպրոսը, Իսպանիան։ Փաստաթղթի մի հատվածում էլ գրված է, թե պետք է ներթափանցեին թշնամի երկիր ու 150 000-200 000 քաղաքացիական անձ գերի վերցնեին։ Մենք ուզում ենք ցույց տալ նմանտիպ փաստաթղթերի բովանդակության անհեթեթությունը, ու սա խուզարկությամբ հայտնաբերվել է Բագրատ սրբազանի կեցավայրից։ Խուզարկությամբ»,- ասաց Սողոյանը։
Նա հիշեցրեց, որ «Սրբազան պայքար» շարժման ժամանակ, երբ քայլում էին ՀՀ մարզերի ճանապարհներով, բազմաթիվ մարդիկ են մոտեցել Բագրատ արքեպիսկոպոսին ու թղթեր փոխանցել՝ որպես Հայաստանի փրկության պլան։ Այդ թղթերն այդ ժամանակ ուղղակի հավաքվել ու պահվել են։