ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Հունգարիայի արդեն նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի ջախջախիչ պարտությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելեց այդ երկիր ու հրապարակային աջակցություն հայտնեց նրան, կարող է դառնալ նաև հայկական իրականություն։
Այսպես, Վիկտոր Օրբանը փաստացի կառավարել է այդ երկիրն ավելի քան քսան տարի՝ 1998-2002 և 2010-2020 թթ-ին։ Եվ միայն ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրությունները վերջ դրեցին նրա կառավարմանը, որը, հունգարական ընդդիմության ու եվրոպական իրավապաշտպանների կարծիքով, արդեն հակում ուներ վերածվելու բռնապետության։
Փաշինյանը և Օրբանը նման են
Ընդհանրապես, Վիկտոր Օրբանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման մեթոդների, նախկինում արված հայտարարությունների մեջ կան բազմաթիվ ընդհանրություններ։ Այսպես, նրանք երկուսն էլ կառավարում են ոչ առաջին տարին, երկուսն էլ իշխանություն պահելու համար չեն խորշել օգտվել ոչ քաղաքական ռեպրեսիվ գործիքակազմից, երկուսն էլ ընտրական օրենսգրքերն ու կանոնները փոխել են հօգուտ իրենց կուսակցությունների։ Ավելին, թե’ Օրբանը և թե’ Փաշինյանն իշխանության են եկել ոչ թե այն ժառանգելով, այլ ընդդիմադիր պայքարի արդյունքում, բայց երկուսն էլ շատ արագ մոռացել են այն խոստումները, որոնք տրվել են ժողովրդին, ինչպես նաև այն արժեքները, որոնք իբր պաշտպանելու համար ցանկացել են ունենալ իշխանություն։ Օրինակները բազմաթիվ են, նրանցից մեկն էլ ընդդիմադիր Փաշինյանի այն «համոզմունքն» էր, թե Հայաստանի ղեկավարը չպետք է երկու անգամից ավել երկիր ղեկավարի, իսկ այսօր փորձում է ապահովել իր երրորդ վարչապետական ցիկլը։ Երբ ուսումնասիրում ես ինտերնետը, ապա նմանատիպ մի բան էլ ժամանակին ասում էր Վիկտոր Օրբանը, որը նույնպես ամբիցիաներ ուներ ցմահ վարչապետ լինել։ Եվ թե’ Հունգարիայում, թե’ Հայաստանում մարդիկ հոգնում են իշխանության ղեկին տեսնելով նույն մարդուն, որի օրոք իրենց խնդիրներն այդպես էլ չեն լուծվել, իսկ Հայաստանի պարագայում այդ շրջանն ուղեկցվել է ողբերգություններով, զոհերով, պարտություններով ու ստորացումներով։
Ինչպես և արդեն նշել էինք, իշխանության պահպանման համար թե’ Օրբանը, թե’ Փաշինյանն իրականացրել են ռեպրեսիաներ։ Օրբանն, օրինակ, որպեսզի կարողանա ավելի հեշտ վերընտրվել, ինչպես նաև վերահսկել իշխանությունը, ժամանակին կրճատեց խորհրդարանի պատգամավորական թվաքանակն ու հասավ նրան, որպեսզի ընտրական երկրորդ փուլ չլինի։ Դե իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում ավելորդ է անգամ հիշել բազմաթիվ ընդդիմադիրների ձերբակալությունների, քաղաքական բանտարկյալների մասին, որոնց թվին տակավին վերջերս միացավ 18-ամյա Դավիթ Մինասյանը, ով դժբախտություն էր ունեցել գտնվել Սուրբ Աննա եկեղեցիում Նիկոլ Փաշինյանի և յուր թիկնազորի այցելության ժամանակ։
Մի տարբերություն, այն էլ հօգուտ Հունգարիայի
Այստեղ, սակայն, Հունգարիայի ու Հայաստանի մեջ կա մի կարևոր տարբերությունը, որը խոսում էր Օրբանի քաղաքական հակառակորդների կողմից։ Քանի որ վերջինս մեծագույն կոնֆլիկտ ուներ ԵՄ չինովնիկների հետ, իսկ երկիրն էլ ԵՄ անդամ էր, նրա ցանկացած գործողություն խոշորացույցով ուսումնասիրվում էր իրավապաշտպանների կողմից ու ստանում համապատասխան գնահատական։ Հայաստանի պարագայում, ցավոք, ԵՄ-ն ունի այլ առաջնահերթություններ, ուստի և Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի իրականացրած ցանկացած հակաօրինական քայլ Բրյուսելի կողմից մնում է «անտեսված», ուղղակի չեն նկատում։
Ինչպես հաջողեց հունգարական ընդդիմությունը
Հունգարիայում Օրբանին հեռացնելու կարևորագույն գրավական էր ընտրություններին աննախադեպ բարձր մասնակցությունը՝ 79%, որը դարձավ բացարձակ ռեկորդ հետսոցիալիստական Հունգարիայի պատմության մեջ։ Բացառապես սրա շնորհիվ էր, որ հունգարական ընդդիմությանը հաջողվեց վերցնել խորհրդարանական մանդատների ճնշող մեծամասնությունը՝ 199-ից 138-ը։ Հունգարական ժողովուրդը որոշեց գնալ ընտրությունների ու հեռացնել սեփական աթոռից կառչած առաջնորդին ու իշխանության բերել նոր քաղաքական ուժերի։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր է պայքարել իրեն սպառած քաղաքական ռեժիմի դեմ ու հասնել հաղթանակի։ Հայաստանում էլ է հնարավոր «տուն ուղարկել» Նիկոլ Փաշինյանին, եթե ընտրական մասնակցությունը լինի սովորականից բարձր։ Ուղղակի, մարդիկ որոշեն ու հունիսի 7-ին գնան ընտրությունների։ «Վենսի անեծքը» այս պարագայում կգործի նաև մեր երկրում։
Սուրեն Կամսարական
—00—ՄԱ