Նաիրի Ինշուրանսը` Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունը, ապրիլի 10-ին տոնել է իր 30-ամյա հոբելյանը։ Տոնական երեկոն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր, ներկա էին 300-ից ավելի հյուրեր, նրանց թվում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարներ, հայաստանյան խոշոր ու հեղինակավոր ընկերությունների տնօրեններ, արտասահմանից ժամանած հատուկ հյուրեր։ Երեկոն լի էր ազգային ոգով, որտեղ ամեն դետալ պատմում էր հայկական ընկերության հաջողության ու սահմանված սկզբունքներին հավատարմության մասին։
Ինչպես սկսվեց ամեն ինչ
Նաիրի Ինշուրանսի պատմությունը սկսվել է 1996թ.-ից։ Խորհրդային միության փլուզումից հետո քանդվեց նաեւ տասնամյակներով ձեւավորված պետական ապահովագրության համակարգը։ 1991-1996 թթ. Հայաստանում գործում էր ընդհանուր 80-ից ավելի ապահովագրական ընկերություն․ ոլորտը չկարգավորված էր, անվերահսկելի, ընկերություններն էլ տարերայնորեն ձեւավորվում ու լուծարվում էին: Շուկա ձեւավորելու համար խորհրդանշական էր 1996-ը։ ՀՀ ֆինանսների նախարարությունում ստեղծվեց առանձին կառուցվածքային ստորաբաժանում` ապահովագրական տեսչություն:
Նոյեմբերի 19-ին ընդունվեց «Ապահովագրության մասին» օրենքը (նոյեմբերի 19-ին ներկայում նշվում է Ապահովագրողի օրը), իսկ նոյեմբերի 29-ին՝ «ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» կառավարության որոշումը։ Ձեւավորվում էր պետության կողմից վերահսկվող ապահովագրական շուկա։
Այսպես, 1996թ. ապրիլի 10-ին հիմնադրվեց «Նաիրի 96» ապահովագրական ընկերությունը՝ սիմվոլիկ կապիտալով, 2-3 աշխատակցով ու հաճախորդների փոքր թվով։ 2008 թվականին «Նաիրի 96»-ը վերանվանվեց ու դարձավ Նաիրի Ինշուրանս։
Ժամանակակից Նաիրի
Նաիրի Ինշուրանսի պատմության կարեւոր փուլերից մեկը դարձավ վերաբրենդավորումը։ 2021 թվականը Նաիրին դիմավորեց վերափոխված․ փոխվեցին ոչ միայն բրենդի գույները, այլեւ հաղորդակցման ոճը՝ ավելի բաց եւ հասանելի։ Նոր տարբերանշան, նոր կարգախոս (Մեզ հետ ապահով է) եւ հավակնոտ ծրագրեր։ Նաիրի Ինշուրանսում շատ բան փոխվեց, բայց ընկերության հիմքում դրված սկզբունքներն ու խոստումներն անփոփոխ մնացին՝ լինել հաճախորդի կողքին, պաշտպանել նրան ու այն, ինչ թանկ է նրա համար, գործել թափանցիկ, արդար։
Այս 3 տասնամյակի ընթացքում Նաիրին բազմաթիվ դժվարությունների միջով է անցել։ Ֆինանսական կառույցները զգայուն են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, փոփոխությունների նկատմամբ։ Նաիրի Ինշուրանսն այն ընկերությունն է, որը կարողացել է ճիշտ ժամանակին ճիշտ փոփոխություն ու ընտրություն կատարել՝ շուկայում ոչ միայն կայունությունը պահպանելու, այլեւ անընդհատ առաջ գնալու համար։
Շուկայի առաջատար Նաիրի
2025թ․ ֆինանսական տարվա արդյունքներով՝ Նաիրի Ինշուրանսը շուկայի առաջատարն է հավաքագրված ապահովագրավճարների ծավալով։
Ընկերությունը, որը գրեթե Հայաստանի անկախ Հանրապետության տարիքին է, երկար տարիներ ոլորտի առաջատար եռյակում է, որոշ ապահովագրատեսակների գծով բացարձակ առաջատարն է:
Նաիրին հայաստանյան միակ ապահովագրական ընկերությունն է, որ հեղինակավոր Մուդիս միջազգային վարկանշային գործակալությունից ստացել է միջազգային վարկանիշ՝ B1՝ կայուն հեռանկարով։ Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության եւ զարգացման հեռանկարների մասին։
2-3 աշխատակցով այս պատմությունը սկսած թիմն այսօր շուրջ 250 է, հաճախորդների թիվը՝ ավելի քան 230 հազար, գործընկերների թիվը՝ շուրջ 5000։
Ծննդյան օրը՝ բեմում նրբաճաշակ ընթրիքով, ազգային մթնոլորտում
Վստահություն, ապահովություն, փորձառություն. Նաիրի Ինշուրանսի հոբելյանական երեկոն կառուցված էր ընկերության պատմության 3 տասնամյակի շուրջը, որտեղ յուրաքանչյուր տասնամյակ իր խորհուրդն ուներ։ Օպերայի դահլիճը լրիվ փոփոխվել էր, հյուրերը բեմում էին նստած, քանի որ օրվա գլխավոր շնորհակալությունը նրանց էր ուղղված՝ այն մարդկանց, որոնց վստահության շնորհիվ էլ Նաիրին արդեն 30 տարեկան է, դահլիճն էլ յուրօրինակ բեմի էր վերածվել՝ բալետային, օպերային հետաքրքիր համարներով, դիրիժոր Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ՝ սիմֆոնիկ նվագախմբի հրաշալի կատարումներով։ Հատուկ երեկոյի համար Ֆրանսիայից ժամանել էր հայտնի երգիչ Տիցիանոն:
Երեկոյի ընթացքում երկարաշունչ ճառեր չեղան․ կարճ, դիպուկ խոսքեր, ուղերձներ՝ ներկա ձեռքբերումներն արձանագրելու եւ գալիք նպատակները սահմանելու համար։
«Սա դեռ սկիզբն է»
Վահագն Խաչատրյան, Նաիրի Ինշուրանսի խորհրդի նախագահ, բաժնետեր
Ընկերության հաջողությունը նրա թիմն է, ու ես այսօր ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել մեր թիմին, որի աշխատանքի արդյունքները տեսել եք ու տեսնելու եք։ Սա դեռ սկիզբն է, մենք երկար ճանապարհ ունենք գնալու, եւ շատ լուրջ ու մեծ հավակնություններ ունենք։
«Ընկերության կապիտալը միայն թվերով չի չափվում»
Մանե Մարտիրոսյան, Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն
Բիզնեսի հաջողությունը չի կարելի միայն թվերով, ֆինանսական արդյունքներով, վաճառքներով չափել։ Ապահովագրողի աշխատանքը մարդկանց համար է, եւ ուրեմն այս բիզնեսի հաջողությունը պետք է չափել նաեւ այն հսկայական կապիտալով, որը ձեռք ենք բերել այս տարիների ընթացքում՝ մարդկային հարաբերությամբ, գործընկերությամբ ու ամենակարեւորը՝ վստահությամբ։
«30 տարի դիմակայելը շատ դժվար է»
Արմեն Նուրբեկյան, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ
Ապահովագրական բիզնեսը ամենաբարդ բիզնեսներից է, եւ 30 տարի դիմակայելը, հատկապես զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, շատ դժվար է։ Մի անգամ ապահովագրության ոլորտում երկար փորձ ունեցող մեկն ասաց՝ «գիտե՞ս՝ ինչն է ամենակարեւոր տարբերությունը բանկի եւ ապահովագրական ընկերության միջեւ։ Հաճախորդը միշտ ինքն է գնում բանկ, իսկ ապահովագրականի մոտ հաճախորդը ինքնիրեն հիմնականում չի գալիս, պետք է ապահովագրականը գնա»։ Այդ իմաստով ապահովագրական բիզնեսը շատ դժվար, միեւնույն ժամանակ, իմ կարծիքով, ամենահետաքրքիր ֆունդամենտալ դեր ունեցողներից է։ Ես Նաիրի Ինշուրանսին մաղթում եմ, որ եղած արժեքները պահելով՝ միաժամանակ ինչքան հնարավոր է՝ արագ քայլերով զարգանա, որ Կենտրոնական բանկը ձեր հետեւից չհասցնի։
«Նաիրի Ինշուրանսն արժանի էր շուկայում մեր ընտրությանը»
Լյուդովիկ Լամբոլե, AXA Health International-ի ղեկավարներից
30-ամյա տարեդարձը լուրջ նիշ է։ Նաիրին, ի տարբերություն այլ ապահովագրական ընկերությունների, որեւէ կետում հետընթաց չի ապրել, Նաիրին շարունակել է կայուն կերպով զարգանալ։ Քանի որ AXA-ն ունի 45-ամյա ապահովագրական ոլորտի պատմություն, ես՝ որպես AXA-ի ներկայացուցիչ, ձեզ վստահեցնում եմ՝ այդ ուղին երբեւէ հեշտ չի լինում, որովհետեւ ոլորտը լի է անորոշություններով, անկայունություններով, բայց Նաիրին այսօր ապացուցել է, որ արժանի է 30-ամյակն այս շուքով նշելուն։ Իմ աշխատանքը AXA-ում ենթադրում է ճիշտ ընտրություն կատարել։ Ինչպես գիտեք, AXA-ն տարածված է Լատինական Ամերիկայում, Ասիայում, մի շարք մայրցամաքներում, այսինքն՝ գրեթե ամենուր, բայց միեւնույն ժամանակ մենք ունենք որոշակի սահմանափակումներ․ եւ՛ տարածաշրջանը, եւ՛ գործընկերոջը ընտրելիս մենք պետք է շատ ընտրողաբար մոտեցում ցուցաբերենք։ Ուզում եմ ասել՝ Նաիրի Ինշուրանսն արժանի էր շուկայում մեր ընտրությանը։
«Մերն են լինելու նաեւ գալիք 30 տարիները»
«Մենք խոստանում ենք միշտ ձեր կողքին լինել, խոստանում ենք լինել ձեր հանգստությունը անորոշ ժամանակներում, խոստանում ենք պաշտպանել այն, ինչ թանկ է ձեզ համար, խոստանում ենք պաշտպանել հոգատարությամբ, այլ ոչ թե սոսկ պայմանագրի կետերով, խոստանում ենք վերածել խոստումները երկարաժամկետ համագործակցության…»․ այս խոստումները տեղ էին գտել Նաիրի Ինշուրանսի ծննդյան օրվա հրավիրատոմսերում ոչ թե որպես ընդամենը գեղեցիկ ձեւակերպված մարքեթինգային մտքեր, այլ որպես աշխատանքի սկզբունք, ռազմավարություն, նպատակ։
Նաիրի Ինշուրանսում ասում են՝ «մերն էին անցած 30 տարիները», եւ խոստանում են՝ «մերն են լինելու նաեւ գալիք 30-ը»։