«Միավորված հայեր» կուսակցության նախագահը պատգամավոր դառնալու մտադրություն չունի

Բաժանորդագրվել

Նաիրի Սարգսյանի խոսքով` իշխանափոխության համար պարտադիր չէ, որ ինքը պատգամավոր դառնա։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը չի պատրաստվում պատգամավորական աթոռ զբաղեցնել։ Նա այդ մասին ասաց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքից առաջ՝ մեկնաբանելով նախընտրական ցուցակում իր անվան բացակայությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները ուշադրություն էին դարձրել այն փաստին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրապարակած նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների մեջ չկան «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանի անունները, որոնց հետ նախորդ շաբաթ հուշագիր ստորագրվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինք կազմելու մասին։

«Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտի համար անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա։ Միևնույն ժամանակ մենք ունենք որոշումների կայացման ռացիոնալության ելակետ։ Պետք է առաջնորդվել առկա վարկանիշների պոտենցիալով, իսկ այդ պոտենցիալն ունի միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Ես ի սկզբանե չպետք է այնտեղ լինեի։ Կարևոր չէ՝ դաշինքով, թե առանձին մասնակցությամբ, իմ նպատակը երբեք պաշտոն զբաղեցնելն ու պատգամավորական գործունեությունը չի եղել»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ցուցակում կուսակցության այլ ներկայացուցիչներ կան, հանրահավաքի ժամանակ ցուցակը կներկայացվի։

Սարգսյանն ընդգծեց` իրենց գործունեությունն ուղղված է այս իշխանության վերացմանը, և դա չի ենթադրում, որ իր պատգամավոր ընտրվելը պարտադիր է։

Leave a comment