Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից  բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից․ ԱՆ խոսնակ

Հասարակություն

11.04.2026 | 12:34

«Դիմել են բուժօգնության ու դուրս են գրվել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Քուչակ-Ապարան ճանապարհին ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան» մակնիշի մեքենայի վթարից  բուժօգնության դիմած 12 անձանց առողջական վիճակն ինչպես է գնահատվում։

«Որևէ բարդություն չկա, առողջական վիճակները բավարար են, հոսպիտալացված չունենք։ Պարզապես  ըստ ընթացակարգի, եթե վթար է լինում, ապա մասնակիցները բուժզննման են ենթարկվում»,- հավելեց Ծատրյանը։

Հարցին, թե 12-ն էլ ոստիկանության աշխատակիցներն են եղել, թե՞ «Նիսան»-ի ուղևորներ  կամ վարորդն էլ է եղել նրանց մեջ, պատասխանեց, որ բուժհաստատությունում նույնականացում չեն կատարում, դա Ոստիկանության գործառույթն է։

Փորձեցինք կապ հաստատել նաև ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Leave a comment