«Սամվել Կարապետյանի ուժի հետ մենք շատ լուրջ բանակցություններ ենք ունեցել, իրականում շատ մոտ էինք դաշինքի կնքմանը։ Հետո տեղի ունեցավ շրջադարձ»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ համակարգող, ՀԱԿ կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Լևոն Զուրաբյանը։
Նա մանրամասնել է, որ շրջադարձը կապված էր հաջողության հասնելու ուղիների մասին ունեցած տարբեր պատկերացումներով։
«Մենք երկու տարի զբաղված էինք համախմբման գործով, դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել քաղաքական ասպարեզում, մենք քննարկումներ էինք անում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ ստեղծելու մի բևեռ, որը կարող է մարտահրավեր նետել և ընկալվել որպես այլընտրանք Նիկոլ Փաշինյանին»,-ասել է Զուրաբյանը։
Նրա խոսքով, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ստեղծումը լուրջ հայտ էր։
«Մեր կարծիքով, եթե ստեղծվեր այդ դաշինքը, Հայաստանում տեղի կունենար հեղափոխական վերելքի էֆեկտ։ Շատերը կարող են սիրել այս կամ այն ուժին, բայց երբ քաղաքական ասպարեզում առաջանում է մեծ բևեռ, դա ահազանգ է չկողմնորոշված մարդկանց համար, որ եկեք, միանանք այդ համախմբմանը։ Դա կբերեր հասարակության մոբիլիզացիայի, վախի մթնոլորտի վերացման, դա էր մեր պատկերացումը։ Ինչ-որ պահից իրենց հաշվարկներն այլ ուղղությամբ գնացին, իրենց ստրատեգիան մի քիչ այլ է։ Երևի հեղափոխական վերելքի էֆեկտի գնահատման մեջ կամ չխորացան, կամ ինչ-որ պատճառ կար, որ չգնահատեցին; Մենք հարգում ենք այդ որոշումը»,-ասել է Զուրաբյանը՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին մաղթում են հաջողություն։
Նրա խոսքով, եթե նույնիսկ իրենց ռազմավարությունները չեն համընկնում, դա ամենևին չի փոխում իրենց ցանկությունն ու նպատակն այս երկիրը ազգակործան պատուհասից ազատելու համար։