«Մենք հրադադար չենք ուզում». Կրեմլի խոսնակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաստատելով «Զատկական զինադադարը» պահպանելու իր պատրաստակամությունը, հայտարարել է, որ «Ռուսաստանը հնարավորություն ունի չվերսկսել հարձակումները նույնիսկ Զատիկից հետո»։ Կրեմլը, սակայն, մերժել է հրադադարի հնարավորությունը:

«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, և ինչպես նախագահ Պուտինը նշել է, մենք հրադադար չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում՝ երկարատև, կայուն խաղաղություն»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա կրկնել է ռուսական կողմի դիրքորոշումը՝ «խաղաղությունը կարող է գալ այսօր», եթե նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատասխանատվություն վերցնի և համապատասխան որոշում կայացնի»։ Պեսկովը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը։ Նախկինում նա հայտարարել էր, որ Զելենսկին պետք է հրամայի դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզի այն տարածքներից, որոնք պատերազմի մեկնարկից չորս տարի անց դեռևս չեն օկուպացվել Ռուսաստանի կողմից։

Զելենսկին կտրականապես բացառում է տարածքային զիջումները. տարածքային հարցը ամենաբարդն է ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններում, որոնք կասեցվել են Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։

Մոսկվան բազմիցս մերժել է Զելենսկիի առաջարկները երկարաժամկետ հրադադարի վերաբերյալ։

Ավելի վաղ էլ Կիևը երկարաժամկետ հրադադարի կոչ էր արել՝ «Զատկական հրադադարից» հետո։

«Նախագահ Զելենսկիի՝ Զատկական հրադադարի առաջարկը հնարավորություն ունի կյանքի կոչվելու։ Մենք կտեսնենք, թե որտեղ և երբ կսկսի գործել հրադադարը, և մենք պատրաստ ենք փոխադարձաբար գործել»,- ուրբաթ առավոտյան սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Նախարարը կոչ է արել երկարաժամկետ հրադադարի, որը կարող է ճանապարհ հարթել «իրական դիվանագիտության համար՝ այս պատերազմին վերջ տալու նպատակով, որը Ռուսաստանը երբեք չի հաղթի և որը պետք է վերջապես դադարեցվի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment