Ովքեր կարող են ազատվել ծառայությունից․ Կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել

Հասարակություն

10.04.2026 | 13:01

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ, որը սահմանում է քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը։

Նախագծով առաջարկվում է գործող կարգում ավելացնել նոր հիմք, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հարցը կարող է դիտարկվել նաև այն քաղաքացիների համար, ովքեր օրենքով սահմանված կարգով ստացել են տարկետում, ավարտել են ուսումը աշխարհի լավագույն բուհերում և դրանից հետո առնվազն երեք տարի աշխատել են Հայաստանի Հանրապետությունում՝ Կառավարության կողմից սահմանված ոլորտում։

Նախագծով նաև հստակեցվում է, որ փոփոխությունը տարածվելու է ոչ միայն ապագայում առաջացող հարաբերությունների վրա, այլ նաև այն քաղաքացիների, ովքեր արդեն ստացել են տարկետում և կատարել են համապատասխան աշխատանքային պարտավորությունը։

Նախագիծն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կմնա մինչև ապրիլի 26-ը։

Արփի Հակոբյան

Leave a comment