Իրանը հրաժարվում է Իսլամաբադում բանակցություններից՝ մինչև Լիբանանում հրադադար չհաստատվի. Tasnim

Քաղաքականություն

10.04.2026 | 10:43

Իրանի Tasnim լրատվական գործակալությունը հերքել է իրանական բանակցային պատվիրակության՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ ժամանելու տեղեկությունը՝ նշելով, որ Թեհրանը չի մասնակցի Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցություններին, քանի դեռ Իսրայելը չի ​​դադարեցրել Լիբանանին ուղղված հարվածները։ Գործակալության պնդմամբ՝ Իսլամաբադ Իրանի բանակցային թիմի ժամանման տեղեկությունը կեղծ է։

«Որոշ լրատվամիջոցների լուրը, թե Իրանի բանակցային թիմը ժամանել է Իսլամաբադ՝ ամերիկացիների հետ բանակցելու համար, բացարձակ կեղծ է։ Քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարում Լիբանանում հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունը, և սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է իր հարձակումները, բանակցությունները կասեցված են»,- Tasnim-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ իրանական պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ՝ Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու համար։

Միևնույն ժամանակ, Պակիստանը նախապատրաստվում է բանակցություններին, որոնք, ըստ պակիստանցի պաշտոնյաների, կընթանան նախատեսվածի համաձայն՝ շաբաթավերջին։

Վերջին զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա ուժգնացել են՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի կողմից երեքշաբթի հայտարարված և Պակիստանի միջնորդությամբ կնքված երկշաբաթյա հրադադարի հետ կապված շարունակական դիվանագիտական ​​ջանքերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment