Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերին. Լիտվայի վարչապետը՝ Ալիևին

Քաղաքականություն

09.04.2026 | 14:20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին։ Վերջինս X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Ալիևին Բաքվում ջերմ ընդունելության համար։

Նա նշել է, որ Լիտվան աջակցում է ԵՄ-Ադրբեջան ավելի սերտ կապերին՝ երկու կողմերի համար անվտանգությունը, կայունությունը և տնտեսական բարգավաճումը ամրապնդելու համար, իսկ էներգետիկ համագործակցությունը դիտարկվում է որպես հիմնական առաջնահերթություն։

Ըստ նրա՝ աճող անկայունության և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ժամանակաշրջանում երկու  երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է։

«Լիտվան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին, ողջունում է ձեռք բերված առաջընթացը և պաշտպանում է տարածաշրջանում կայունության շարունակականությունը»,- ասել է Լիտվայի վարչապետը։

Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Ալիևն ընդգծել է, թե Բաքուն տարածաշրջանում խաղաղության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների հաստատման նախաձեռնողն է։

Նա հայտարարել է, թե «մոտ 30,000  ներքին տեղահանվածների վերադարձը իրենց նախնիների հողեր արդեն ապահովված է»։ Ալիևը ասել է, թե  Ադրբեջանը կառուցում է քաղաքներ և գյուղեր, իրականացնում է տրանսպորտային և այլ սոցիալական ենթակառուցվածքային նախագծեր։ Նա նաև  նշել է այդ տարածքներում ականների խնդիրը, որը դանդաղեցնում է շինարարական և վերականգնողական աշխատանքները։

Ալիևը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից ի վեր ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 400 մարդ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment