Հանրային Հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարին հյուրընկալվելիս «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է որ նոր ղեկավար դիտարկում են Սամվել Կարապետյանին։ «Ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, պետք է իշխանափոխություն լինի։ Նոր ուժով պետք է ձևավորել նոր իշխանություն»,-ընդգծել է նա։
Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանում պետք է համերաշխության ծրագիր բերել, քանի որ այսօր հասարակությունը բևեռացված է։
Պատասխանելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին՝ Կարապետյանն ասել է. «Մենք տարածաշրջանում պետք է հասնենք խաղաղ համակեցության։ Չպետք է թույլ տանք հարևան երկրներին վտանգ ներկայացնեն Հայաստանի համար՝ ադրբեջանական արհեստական համայնք ձևավորելով։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ՝ երաշխավորված ուժերի կողմից…Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է, մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Առանց նրա չենք ունենա երաշխավոր»։
Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանի տնտեսության մեջ արդյունաբերության մասը Փաշինյանի իշխանության ժամանակ 9-10 %-ով իջել է, այժմ պատմական մինիմալի վրա է։
«Մեր երկրի այս պահի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Մեզ պետք է տնտեսական գիտելիքներով ղեկավար։ Տնտեսության մեջ արդյունաբերության մասը նվազում է։Մեր երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռագիր»,- նշել է Կարապետյանը։
«Ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մոտ կասկած է առաջացել ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված։ Կարծում եմ, որ Հայաստանի նոր առաջնորդը, ով պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը՝ Հայաստանի տարածաշրջանային ամբողջականությունը հաստատելու գործում»,-ասել է նա։
Կարապետյանը մանրամասնել է, որ Հայաստանի ապագա իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լինի հասնել նրան, որ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող ՀԱՊԿ երկրները բանակցությունների, հարկ եղած դեպքում՝ նույնիսկ ճնշում գործադրելու միջոցով հստակ հարց դնեն՝ որևէ երկրի, առավել ևս՝ ՀԱՊԿ անդամ երկրի անեքսիան անընդունելի է և հասնեն նրան, որ Ադրբեջանն ազատի հայկական սուվերեն տարածքը։
«Նոր իշխանությունը այս հարցերը պետք է արտատպի մեր գործընկերներին, իսկ ուժեղ ղեկավարը կարող է հասնել դրան»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
«Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է, որ իր համար տնտեսական շահույթը երկրորդական է, առաջնայինն իր անձնական համոզմունքներն են»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը՝ որպես օրինակ բերելով Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որից հետո էլ սկսվեցին քաղաքական հետապնդումները՝ նրա նկատմամբ։
«Երբ նա հունիսին Եկեղեցու պաշտպանության համար դեմ դուրս եկավ այս իշխանությանը, դրան հաջորդեցին ՀԷՑ-ի հայտնի դեպքերը, բայց անգամ դրանից հետո էլ Սամվել Կարապետյանն իր համոզմունքին է մնում»,- ասել է նա։
The post Ուժեղ ղեկավարը կարող է հասնել նրան, որ ՀԱՊԿ-ը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա. Նարեկ Կարապետյան appeared first on Times.am.