Պակիստանը ուրբաթ կհյուրընկալի ԱՄՆ-Իրան հրադադարի բանակցությունները

ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագրի մանրամասները մշակելու վերաբերյալ բանակցություններ են նախատեսված ուրբաթ օրը ՝ Իրանի հարևան Պակիստանում, որը կարևոր դեր է խաղացել հրադադարի հարցում, գրում է France 24-ը։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ողջունել է համաձայնագիրը և ասել, որ Իսլամաբադը այս շաբաթվա վերջում կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններին։

«Ես  խորին շնորհակալություն եմ հայտնում երկու երկրների ղեկավարությանը և հրավիրում եմ նրանց պատվիրակություններին Իսլամաբադ՝ ուրբաթ, 2026 թվականի ապրիլի 10-ին, բոլոր վեճերը կարգավորելու համար վերջնական համաձայնագրի շուրջ հետագա բանակցություններ վարելու նպատակով», – ասել է նա սոցիալական ցանցերում արված գրառման մեջ։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ «Իսլամաբադի բանակցությունները» կհաջողեն կայուն խաղաղության հասնելու հարցում և ցանկանում ենք առաջիկա օրերին ավելի շատ լավ լուրեր հաղորդել», – հավելել է Շարիֆը։

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը ևս հայտարարել էր, որ բանակցությունները կսկսվեն Իսլամաբադում ապրիլի 10-ին՝ ամերիկյան կողմի նկատմամբ «լիակատար անվստահությամբ»։

CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը, նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցեն բանակցություններին։

«Քննարկվում են անձնական հանդիպումներ, սակայն ոչինչ վերջնական չէ, քանի դեռ նախագահը կամ Սպիտակ տունը չեն հայտարարել դրանց մասին»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նշենք, որ հակամարտության  ընթացքում Պակիստանը հանդիսացել է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև միակ հաղորդակցման ուղի:

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment