Պետական աջակցություն 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար. նախագիծ

Բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:


 


Այն հնարավորություն է տալու բազմազավակ ընտանիքներին Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100 տոկոս սուբսիդավորմամբ։


 


Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝


 


1) անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ համապատասխան հողամասի ձեռքբերում կամ


2) գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։


 


Ծրագրի հիմնական պայմաններն են՝


 


1) շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն,


2) ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քմ-ից,


3) բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունը ձեռք է բերվում կամ կառուցվում է ՀՀ որևէ մարզային բնակավայրում,


4) շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը, ծրագրին դիմելու օրվա դրությամբ պետք է ներկայացրած լինի նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, որում ներկայացված եկամուտների (հարկվող և չհարկվող) հանրագումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։


 

Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ:


 

Դիտումների քանակ5

Leave a comment