Վլադիմիրի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 3 անձ է զոհվել

Քաղաքականություն

07.04.2026 | 16:17

ՌԴ Վլադիմիրի մարզի Ալեքսանդրովսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից 3 քաղաքացիական անձ է զոհվել՝ ամուսիններ և նրանց 12-ամյա երեխան, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը, գրում է Meduza-ն ։

Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է երկբնակարան շենքին։ Ավդեևի խոսքով՝ մահացած զույգն ուներ նաև հինգ տարեկան դուստր, որն այժմ հարազատների մոտ է։ Հարձակումից հետո բռնկված հրդեհը մարվել է։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև Վորոնեժի և Լենինգրադի մարզերին։

Վորոնեժի մարզում, նահանգապետ Ալեքսանդր Գուսևի խոսքով, գիշերը հայտնաբերվել և ոչնչացվել է 16 անօդաչու թռչող սարք։ 40-ամյա մի տղամարդ վիրավորվել է խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներից։

Լենինգրադի մարզում խոցվել է առնվազն 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին  հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Նա չի մանրամասնել հարձակումների հետևանքների մասին։ Astra-ն հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքերը ամբողջ գիշեր հարձակվել են Ուստ-Լուգա նավահանգստի վրա, որի միջոցով Ռուսաստանը նավթ է արտահանում։ Վերջին երկու շաբաթների ընթացքում  այն բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a comment