Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»

Քաղաքականություն

07.04.2026 | 18:10

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հունգարիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով», բայց «վերջնական արդյունքի  բնույթը, ի վերջո, կախված է իրանցիներից», գրում է NBC News-ը։

«Նախագահը Միացյալ Նահանգներում մոտ 12 ժամվա վերջնաժամկետ է սահմանել», – ասել է նա։ «Մենք դա պարզելու ենք, բայց մինչ այդ շատ բանակցություններ են լինելու, և ես հույս ունեմ, որ դա լավ հանգուցալուծման կհանգեցնի»,- նշել է Վենսը։

Վենսը Բուդապեշտում է կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ աջակցելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որը Թրամփի վարչակազմի կարևոր դաշնակիցն է։

Ապրիլի 12-ի ընտրությունները համարվում են Օրբանի գրեթե 40 տարվա քաղաքական կարիերայի ամենադժվար մարտահրավերը։ Նա 2010 թվականից ի վեր անընդմեջ հաղթել է չորս ընտրություններում։

Վենսին և նրա կնոջը՝ Ուշային, դիմավորել է արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, որը հունգարական լրատվամիջոցներին ասել է, որ Օրբանի բարեկամությունը նախագահ Դոնալդ Թրամփի հետ «նոր ոսկե դարաշրջան» է ստեղծել հարաբերություններում։

«Ես անհամբեր սպասում եմ իմ լավ ընկեր Վիկտորին տեսնելուն, և մենք կքննարկենք ԱՄՆ-Հունգարիա հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր», – լրագրողներին ասել էր  Վենսը Վաշինգտոնից մեկնելիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment