Fast-Forward կոնֆերանս. նոր միջավայր բիզնեսի զգայուն հարցերը քննարկելու համար

2026 թվականի ապրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Մեդիամաքս մեդիա ընկերության Banks.am պորտալի եւ Boyden Armenia ընկերության համատեղ կազմակերպած եւ բիզնես առաջնորդության ապագային նվիրված Fast-Forward 2026 կոնֆերանսը: 

Fast-Forward-ի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ եւ նպաստավոր միջավայր, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կարող են քննարկել առաջնորդությանը, կառավարմանն ու զարգացմանը վերաբերող զգայուն հարցեր՝ առանց ավելորդ «արարողակարգի»: 

Կոնֆերանսի գործընկերներն էին Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:

Կոնֆերանսի իվենթ-գործընկերը Skill Event Marketing ընկերությունն է:

«Դժգոհելու փոխարեն ստեղծել նպաստավոր միջավայր»

Արա Թադեւոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն 

Մեդիամաքս մեդիա ընկերությունը 2024 եւ 2025 թվականներին անցկացրել է
կայուն զարգացման հարցերին նվիրված Robust Armenia 25 եւ Robust Armenia 26 կոնֆերանսները (ի դեպ, այս տարվա Robust Armenia կոնֆերանսը կայանալու է ապրիլի 22-ին): Հասկացանք, որ նման հարթակների կարիքն իսկապես կա, երբ գործարար համայնքի ներկայացուցիչները կարող են, առանց ավելորդ «արարողակարգի», հավաքվել ու քննարկել իրենց համար կարեւոր հարցերը:

Երբ պատրաստում էինք Fast-Forward կոնֆերանսի մասին մամուլի հաղորդագրությունը, հայտնաբերեցինք, որ այս տարին հոբելյանական է. Մեդիամաքսի Banks.am պորտալն այս տարի դառնում է 20 տարեկան, իսկ Boyden-ը՝ 80։ Միասին՝ 100 (ծիծաղում է-հեղինակ):

Արա Թադեւոսյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեր աշխատանքի ընթացքում հաճախ նկատում ենք, որ բիզնեսը միշտ չէ, որ պատրաստ է մեդիայի հետ բաց երկխոսության։ Որոշեցինք, որ դժգոհելու փոխարեն պետք է նախաձեռնենք եւ ձեւավորենք այնպիսի միջավայր, որում բոլոր կողմերը կզգան՝ մենք գործընկերներ ենք, եւ այս հարցերի քննարկումը բխում է բոլորիս շահերից։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր կոնֆերանսի գործընկերներին։ Մենք մտածված ենք օգտագործում ենք «գործընկեր» բառը՝ «հովանավոր»-ի փոխարեն, որովհետեւ այս միջավայրը ստեղծվում է հենց գործընկերության ոգով: Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ չորս կազմակերպություն՝ Wilco-ն, «Սիլ Ինշուրանս»-ին, «Ալֆա-Ֆարմ»-ը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը վստահեցին մեզ։ Մեզ համար կարեւոր է նաեւ այն, որ իբրեւ գործընկերներ ներգրավել ենք տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ եւ կրթական հաստատություն, ինչը եւս վկայում է, որ բարձրացվող թեմաներն արդիական են: 

Boyden Armenia-ի հետ կոնֆերանսը ամենամյա դարձնելու ծրագրեր ունենք: Վստահ ենք՝ կարեւոր է հենց սկզբից սահմանել բարձր նշաձող ու հետեւողականորեն շարժվել դրա իրականացման ուղղությամբ: Չենք բացառում, որ բուն կոնֆերանսից բացի տարվա ընթացքում կարող ենք ունենալ նաեւ այլ, ծավալով ավելի փոքր միջոցառումներ:

«Հայկական բիզնեսները ձեւավորված ԴՆԹ ունեն»

Սեւադա Բաղդյան, Boyden ընկերության գործընկեր, հայաստանյան եւ վրաստանյան գրասենյակների ղեկավար

Շատ շնորհակալ եմ Մեդիամաքսին, որ առաջնորդության վերաբերյալ այս կոնֆերանսի կազմակերպման հարցում որոշեց համագործակցել մեզ հետ: Երկար տարիներ խորհրդատվություն տրամադրելով execitive search ոլորտում՝ հանգել ենք մի հետաքրքիր մտքի. հայկական բիզնեսները, որքան էլ երիտասարդ լինեն, արդեն իսկ ունեն իրենց ձեւավորված «գենը», ԴՆԹ-ն կամ մոդելը: Այն, գուցե, պետք է լավացնել, դարձնել առավել արդյունավետ, բայց մյուս կողմից՝ դրա հետ չի կարելի հաշվի չնստել: 

Սեւադա Բաղդյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Եթե որոշենք, որ հայկական կառավարման մոդելն ու մոտեցումները ցանկանում ենք կտրուկ փոխել՝ մեկ մատի շարժումով, փոխարենն առաջարկելով միջազգային փորձը, միանշանակ լուրջ խնդիրներ կունենանք: Կարեւոր է հաշվի առնել՝ ինչ կա, սկսել աշխատել եղած իրավիճակի բարելավման ուղղությամբ եւ գտնել հետաքրքիր «սիմբիոզ» հայկական կառավարման մոդելի ու միջազգային պրակտիկայի միջեւ: 

Սեւադա Բաղդյանը իր ելույթի վերջում ներկայացրեց Հայաստանի 200 խոշոր հարկատու ընկերությունների տնօրենների ուսումնասիրության արդյունքները, որոնց առաջիկայում կանդադառնանք առանձին հոդվածով:

Սեւադա Բաղդյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հաջորդիվ կարդացեք Fast-Forward կոնֆերանսում կայացած երկու պանելային քննարկումների մասին. «Անկախ տնօրեններ. իրական օգո՞ւտ, թե՞ տուրք նորաձեւությանը» եւ «Իրավահաջորդությունը հայկական բիզնեսում. ցանկալին եւ իրականը»

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment