Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռումինացի անվանի ֆուտբոլային մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Այս մասին հայտնում է ռումինական Antena 3 CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Բուխարեստի համալսարանական հիվանդանոցի տարածած պաշտոնական հայտարարությանը, գրում է armsport.am-ը:
Լուչեսկուն հոսպիտալացվել էր Ռումինիայի ազգային հավաքականի մարզման ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո։ Մարզչի մոտ ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆարկտ։ Կիրակի՝ ապրիլի 5-ին, նրա առողջական վիճակն ավելի էր ծանրացել, ինչի հետևանքով մասնագետին արհեստական կոմայի մեջ էին գցել:
Իր տպավորիչ մարզչական կարիերայի ընթացքում Լուչեսկուն հասցրել է գլխավորել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «Դինամոն», Դոնեցկի «Շախտյորը», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և վերջապես՝ Ռումինիայի ազգային հավաքականը, որն էլ դարձավ նրա աշխատանքային վերջին կանգառը:
Միրչա Լուչեսկուն համարվում է Չեմպիոնների լիգայի և ազգային հավաքականների պատմության ամենատարեց մարզիչը։ Իր գլխավորած թիմերի հետ նա նվաճել է տպավորիչ 35 տիտղոս. ֆուտբոլի պատմության մեջ այս ցուցանիշով նրան գերազանցում են միայն Խոսեպ Գվարդիոլան (40) և սըր Ալեքս Ֆերգյուսոնը (49):
Հավելենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 2010-2013 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորի» կազմում՝ խաղալով հենց ռումինացի անվանի մասնագետի գլխավորությամբ: