Հայէկոնոմբանկը Վանաձորում մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին:
Բանկից հայտնել են, որ ապրիլի 3-ին տեղի ունեցած համաժողովի նպատակն էր ներկայացնել բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների եւ բիզնես համայնքի ներկայացուցիչներին։
Համաժողովը մեկնարկել է «Բանկերը եւ բիզնեսը Վանաձորում» էքսպոյով, որի շրջանակում Հայէկոնոմբանկը ներկայացրել է իր ՓՄՁ քաղաքականությունը եւ ոլորտին առաջարկվող ֆինանսական գործիքները, ինչպես նաեւ մանրածախ բիզնեսին վերաբերող հարակից այլ բանկային պրոդուկտներ: Էքսպոյին հաջորդած պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսավորման հասանելիության բարելավմանը եւ բիզնեսի զարգացման հնարավորություններին, այդ թվում նաեւ պետական աջակցության եւ միջազգային ծրագրերի շրջանակում:
Լոռու մարզում Հայէկոնոմբանկի ՓՄՁ ֆինանսավորումը հիմնականում ուղղված է տեքստիլ արդյունաբերությանը, վերականգնվող էներգետիկային եւ էներգախնայողությանը, զբոսաշրջային ոլորտին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսություններին, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտին:
Համաժողովի շրջանակում ներկայացվել է Հայէկոնոմբանկի վարկավորմամբ ընդլայնված Հայաստանի խոշորագույն կարի ֆաբրիկայի՝ «Գլորիայի» հաջողության պատմությունը: Հայէկոնոմբանկի հետ երկարամյա գործընկերությունը թույլ է տվել 2500 աշխատող ունեցող գործարանին արդիականացնել սարքավորումները եւ մեծացնել թողունակությունը:
«Հայէկոնոմբանկը կարեւորում է մարզերում բիզնես հնարավորությունների բացահայտմանը նվիրված նմանօրինակ միջոցառումները՝ նշելով, որ Լոռու մարզում անցկացված համաժողովը նոր գործընկերությունների հարթակ դարձավ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: