Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) «պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում»։
Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ-ն, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է.
«Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց մնում է կազմակերպության կազմում։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում այդ առումով բարդ իրավիճակ է, հատկապես՝ նախընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»։
«Վատ չէր լինի, եթե գնաք այնտեղ եւ զրուցեք թե՛ վարչապետի, թե՛ նախագահի, թե՛ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն ապագայի վերաբերյալ», – հավելել է Բելառուսի նախագահը՝ դիմելով Տաալատբեկ Մասադիկովին: