1980-ականների շնչով Ֆրանկոֆոնիայի գիշեր՝ ՀՖՀՀ-ում

Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացված Ֆրանկոֆոնիայի գիշերն այս տարի առանձնացել է 80-ականների յուրահատուկ շնչով։
Համալսարանի տարածքը վերածվել էր գունեղ, երաժշտությամբ ու դիսկո Ball-երից  տարածվող լույսերով լի միջավայրի՝ մեկ երեկոյի մեջ միավորելով թեմատիկ կերպարները, բազմալեզու շփումներն ու մշակույթը: 
Այս տարի ՀՖՀՀ-ի Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Բելգիայի, Շվեյցարիայի, Սերբիայի եւ Եգիպտոսի դեսպանները, ինչպես նաեւ՝ Կանադայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի դեսպանությունների ներկայացուցիչները։ 
Մեդիամաքսի հետ զրույցում ՀՖՀՀ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների պատասխանատու Անաիդա Գասպարյանը, ինչպես նաեւ մրցույթներում հաղթող ուսանողները պատմել են երեկոյի մանրամասների մասին եւ կիսվել իրենց տպավորություններով: 
«Միջոցառում, որից կարող են ծնվել օգտակար կապեր կամ ամուր ընկերություններ» 
Անաիդա Գասպարյան, ՀՖՀՀ ֆրանկոֆոնիայի միջոցառումների պատասխանատու
Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվող միջոցառումներն առավել հետաքրքիր դարձնելու համար միշտ փորձում ենք նոր մոտեցումներ գտնել: Այս տարվա Ֆրանկոֆոնիայի գիշերն 80-ականների տրամադրությամբ անցկացնելը ուսանողների գաղափարն էր։ Արդյունքում այդ ժամանակաշրջանի մթնոլորտը տեսանելի էր թե՛ ՀՖՀՀ-ի տարածքի ձեւավորման, թե՛ մասնակիցների կերպարներում։ Ամեն անկյունում ժամանակաշրջանին բնորոշ վառ հագուստով եւ դիմահարդարմամբ ուսանողներ էին, իսկ տարածքում կախված էին 80-ականների խորհրդանշական Disco Ball-եր: 
Արդեն ավանդույթ է, որ ՀՖՀՀ Ֆրանկոֆոնիայի գիշերվա ընթացքում անցկացվում է երեք մրցույթ՝ նկարչություն, ֆրանսիական հրուշակագործություն եւ երգ։ Կարեւոր է նշել, որ այս մրցույթներին կարող են մասնակցել թե՛ ՀՖՀՀ ուսանողները, թե՛այլ բուհերից միջոցառմանը միացածները։ Մեզ համար շատ կարեւոր է, որ ուսանողները, բացի քննություններից եւ դասերից, ունենան հիշարժան ուսանողական տարիներ։ Նման միջոցառումներին այլ բուհերի ուսանողների մասնակցությունը հնարավորություն է տալիս նոր ծանոթություններ հաստատել, որոնցից կարող են ծնվել օգտակար կապեր կամ ամուր ընկերություններ։
Այս տարի Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառման մասնակիցների թիվը հասել է մոտ 250-ի, որոնցից 56-ը մասնակցել է անցկացվող մրցույթներին:  
Կարեւոր է նշել, որ ՀՖՀՀ բոլոր միջոցառումների կազմակերպման ընթացքում մեզ միշտ մեծ պատրաստակամությամբ օգնում են ուսանողական խորհրդի անդամները, ինչպես նաեւ՝ կամավոր ուսանողները։ Նրանց դերակատարումն իսկապես շատ կարեւոր է։ Ինձ համար ամենասիրելի փուլը բուն միջոցառմանը նախորդող շրջանն է, երբ բոլորս միասին աշխատում ենք, կիսում դժվարություններն ու ուրախությունները։ Հենց այս փուլում են ծնվում իրական ընկերություններ, իսկ երբեմն նույնիսկ՝ ձեւավորվում գեղեցիկ զույգեր (ժպտում է – հեղ.)։
Այս տարվա միջոցառումն իսկապես յուրահատուկ էր, քանի որ ուսանողները չափազանց ներգրավված էին․ նրանք ինքնուրույն կախում էին դեկորացիաները եւ ամենակարեւորը՝ նույն այդ միասնական ջանքերով հաջորդ օրը հավաքում դրանք՝ համալսարանը վերադարձնելով նախնական տեսքին։ Կարծում եմ՝ Ֆրանկոֆոնիայի գիշերը ոչ միայն մշակութային, այլեւ շատ ուսուցողական միջոցառում է։
Շատ շնորհակալություն եմ հայտնում նաեւ ՀՖՀՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներին։ Այս ֆակուլտետը դեռ մեզ հետ նույն շենքում չէ եւ երբեմն փոքր-ինչ «հետ է մնում» համալսարանական ակտիվությունից, սակայն այս անգամ նրանք մեզ շատ օգնեցին՝ ստեղծելով հրաշալի տեսանյութեր եւ ակտիվ մասնակցելով միջոցառման բոլոր փուլերին։
Շնորհակալ եմ նաեւ դեսպանություններին, որոնք նվերներ շնորհեցին մրցույթների մասնակիցներին, ինչպես նաեւ՝ «Քարֆուր գրուպ»-ին, որը հրուշակագործության մրցույթի հաղթողներին տրամադրեց նվեր քարտեր, իսկ մյուսների համար կազմակերպեց ֆրանսիական սննդի համտես։
«Նման միջոցառումները օգնում են սիրել լեզուն ու մշակույթը»
Աիդա Քերոբյան, ՀՖՀՀ Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառման հրուշակագործության մրցույթի հատուկ մրցանակակիր 
Սովորում եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Ֆրանկոֆոնիայի գիշեր 2026 միջոցառման ընթացքում ստացել եմ հատուկ մրցանակ հրուշակագործության մրցույթում՝ իմ պատրաստած շուերի՝ էկլերների համար։ Դրանք պատրաստում եմ մայրիկիս հատուկ բաղադրատոմսով եւ նրա վերահսկողությամբ։ Սա առաջին բանն է, ինչ սովորել եմ պատրաստել։ Շատ դրական, բազմալեզու արձագանքներ եմ ստացել բոլոր համտեսողներից (ժպտում է – հեղ.)։
Նման միջոցառումները շատ կարեւոր են՝ շփման, մշակույթի եւ լեզվի յուրահատկությունները ճանաչելու ու սիրելու համար։
Այս տարվա 80-ականների թեմատիկան շատ հետաքրքիր էր։ Հագուստի եւ դիմահարդարման միջոցով փորձել եմ ամբողջությամբ ստանալ այդ ժամանակաշրջանին համապատասխան կերպար։ Բացի հրուշակագործության մրցույթից, մասնակցել եմ նաեւ երգի մրցույթին, որտեղ ներկայացրել եմ երգչուհի Դալիդայի ստեղծագործություններից մեկը եւ ոգեշնչվել նրա կերպարից։
«80-ականների մասին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ եմ լսել ծնողներիցս»
Էլինա Մանուկյան, ՀՖՀՀ Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառման երգի մրցույթի հաղթող
Սովորում եմ ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Բեմում եմ արդեն 15 տարի։ Ծնունդով Արցախից եմ եւ երգել սկսել եմ դեռ այնտեղ։ Մասնակցել եմ տարբեր մրցույթների՝ Ռուսաստանում եւ Հայաստանում։
Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառման ընթացքում ներկայացրել եմ շատ էմոցիոնալ եւ հետաքրքիր ստեղծագործություն՝ «Rita Mitsouko» խմբի «Marcia Baila» երգը, որը նվիրված է պարուհի եւ ռեժիսոր Մարսիա Մորետտային։ Ելույթիս ընթացքում փորձել եմ ներկայանալ հենց նրա կերպարով, նույնիսկ հատուկ կտրել եմ մազերս՝ առավել նման լինելու համար (ժպտում է – հեղ.)։ Երբեք չեմ մոռանա բոլոր դրական արձագանքները, որ ստացա ելույթիցս հետո։
Հայաստանում ֆրանսիական համալսարանն ընտրել եմ որակյալ կրթության, ինչպես նաեւ՝ հետագայում աշխատանքի բազմաթիվ հնարավորությունների համար։ Ինձ համար հետաքրքիր են նաեւ այստեղ կազմակերպվող միջոցառումները։ Ֆրանկոֆոնիայի գիշերին մասնակցել եմ մեծ սիրով։ Սա ինձ համար ոչ միայն մշակութային փորձառություն էր, այլեւ՝ շատ հարմար առիթ ֆրանսերենի իմացությունս զարգացնելու համար: Առաջին տարին է, ինչ սովորում եմ այս լեզուն ու միջոցառման ընթացում հնարավորություն ստացա ֆրանսերենով շփվել բազմաթիվ հյուրերի հետ: 
Ինչ վերաբերում է 80-ականներին, շատ եմ սիրում այդ ժամանակաշրջանը։ Թեեւ ինքս չեմ ապրել այդ տարիներին, բայց տատիկիցս եւ ծնողներիցս լսել եմ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ։
«Ճանաչել նոր մարդկանց, որոնց հետ ունես նույն հետաքրքրությունները»
Սոնա Հակոբյան, ՀՖՀՀ Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառման նկարչության մրցույթի հաղթող 
Սովորում եմ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Նկարչության որեւէ խմբակ չեմ հաճախել, ինքնուս եմ։ Առաջին անգամ նկարչության մրցույթի մասնակցել եմ անցյալ տարի՝ դարձյալ Ֆրանկոֆոնիայի գիշեր միջոցառմանը։ Այս տարի ամեն ինչ ավելի լավ ստացվեց, այդ թվում՝ ընկերներիս աջակցության շնորհիվ։
Պետք է պատկեր ստանայի «Փրփուր» թեմայով։ Արդյունքում նկարել էի երեք դիմանկար, որոնք արտահայտում էին բացասական էմոցիաներ։ Դիմանկարները ստեղծել էի հատուկ տեխնիկայով՝ «հավաքելով» փոքրիկ պղպջակներից։ Նկարի գաղափարն այն էր, որ փրփուրը շատ անցողիկ է, եւ բացասական էմոցիաները նույնպես կարող են նույնքան արագ անցնել։
Կարծում եմ՝ նման միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ օգնում են ճանաչել նոր մարդկանց, որոնց հետ ունես նույն հետաքրքրությունները։ Նման երեկոների շնորհիվ նաեւ կարողանում ենք որոշ չափով ազատվել քննությունների սթրեսից 
(ժպտում է – հեղ.)։
Յանա Շախրամանյան 

Leave a comment