Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ու ոտքերի տակ ամուր հող փնտրող ժողովուրդը

«Մի քանի օր տագնապների մեջ լինելով` չգիտեի՝ ում հետ էի խոսում, բայց անդադար հարցնում էի` ի՞նչն էր Մհերին բաժին հասած այդքան դաժան հալածանքների պատճառը, ինչո՞ւ պիտի տառապեր, որտեղի՞ց էին գալիս անողոք փորձությունները»։
Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպն է։ Լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։ Առաջին անգամ գիրքը լույս է տեսել 2014-ին («Անտարես»)։ Վեպի վրա գրողն աշխատել է 13 տարի։ Հասցրել է տեսնել գրքի՝ հենց իր համար տպված ազդօրինակը: Գիրքը այդ օրերի համար աննախադեպ տպաքանակով է լույս տեսել։ «Վերահրատարակումը ժամանակի՞ պահանջն է, թե՞ վերջին տարիների իրադարձություններից հետո խնդիր ունենք մեր պատմությունը վերարժեւորելու»,- հարցերն ուղղեցինք գրականագետ, էպոսագետ, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի պատասխանատու Հայկ Համբարձումյանին։ 
– «Մհերի դռան գիրքը» վաղուց արդեն սպառվել էր եւ գրախանութներում չկար։ Լեւոն Խեչոյանի պես հեղինակի գրքերը պետք է գրախանութներում լինեն։ Կար անհրաժեշտություն եւ ընթերցողական մեծ հետաքրքրություն այդ վեպի նկատմամբ։ Եվ «Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնեց վերահրատարակությունը։ 
Ժամանակի պահանջի առումով կարող եմ ասել, որ «Սասնա ծռեր» էպոսը մշտապես պահանջված է, հատկապես մեր ճգնաժամային օրերում էպոսի նկատմամբ հետաքրքրությունը շատ է մեծացել։ Անընդհատ էպոսին անդրադառնում են․ կան թե՛ուսումնասիրություններ, թե՛ տարբեր մշակումներ, էպոսի թեմաներով արվեստի գործեր են նաեւ ստեղծվում, ինչը նշանակում է, որ մեր ժողովուրդը ոտքերի տակ ամուր հող է փնտրում, եւ այդ հողը, իհարկե, գտնում է մեր մնայուն մշակութային արժեքների մեջ, այս դեպքում՝ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսում։
Ամեն ժամանակ էպոսի ընթերցման իր կերպն ունի, այսինքն՝ այն խնդիրները, որ Խեչոյանն արծարծում է, ոչ միայն կոնկրետ այս ժամանակի, այլեւ ընդհանրապես հայ ժողովրդին պատմականորեն ուղեկցող խնդիրներ են՝ մեր ժողովրդի՝ աշխարհում ունեցած դերի, նշանակության, գոյության կերպի հետ կապված։ 
Արդյոք Մհերը հենց այն սպասված առաջնո՞րդն է, արդյոք նա գալո՞ւ է, ե՞րբ է գալու, արդյոք ճի՞շտ է, որ մեր ժողովուրդը իր հույսը կապի երկար սպասված առասպելական առաջնորդի հետ։
Մի առիթով՝ 2000 թվականին հեղինակը խոստովանում է․ «Ամբողջ իմ գիտակցական կյանքի ընթացքում սպասել եմ կարմրածուփ նշանը ճակատին Կանչվածին, որ համազգային ծրագիր կբերեր»։ Վեպում այս սպասումը կասկածի է ենթարկվում․ ճի՞շտ է այսպես անընդհատ սպասել, թե՞սա փակուղի է տանում։
– «Մհերի դռան գիրքը» գեղարվեստակա՞ն ստեղծագործություն է, վեպ-դասախոսությո՞ւն է, վերլուծությո՞ւն․․․ Ինչո՞վ է առանձնանում իբրեւ ազգային վեպի հիման վրա գրված ստեղծագործություն։
– Լեւոն Խեչոյանի վեպերը հիմնականում բավական բարդ եւ համադրական կառուցվածք ունեն, այսինքն՝ մեր իմացած դասական, օրինակ՝ ռոմանտիկական կամ ռեալիստական վեպերը կամ պատմավեպերը չեն։ Այստեղ մշտապես կարող ենք տեսնել տարբեր ներդիրներ, հղումներ՝ գոյություն ունեցող կամ չունեցող պատմական աղբյուրներին, լրագրողական հոդված, նամակներ և այլն։ Այս վեպը նույնպես բացառություն չէ, եւ Խեչոյանին բնորոշ ոճը շարունակվում է։ Վեպի մի մասը էպոսագետի դասախոսություններն են, որտեղ նա փորձում է ուսանողների հետ հասկանալ՝ ի՞նչ է ազգային վեպը, ո՞վ էր Փոքր Մհերը, ինչո՞ւ է հեռացել, ինչո՞ւ է վերադառնալու, ընդհանրապես էպոսն իրենից ի՞նչ է ներկայացնում․ արդյոք հեքիաթային ինչ-որ պատմությո՞ւն է, թե՞մեր նախնիներից փոխանցված Ավետարան կամ Սահմանադրություն։ 
Այնպես որ, այստեղ կրկին տեսնում ենք տարբեր ժանրեր, բայց մեծապես պայմանավորված գլխավոր կերպարի՝ դասախոսի հանգամանքով, տեսնում ենք դասախոսություն, նաեւ ուսումնասիրություն, ինչը իրականում թելադրված է էպոսի նյութով։ 
Գրողին գուցե սկզբում թվացել է, որ հեշտ է, կարող է ամբողջական տեսակետ հաղորդել, բայց երբ ուսումնասիրում ես էպոսի բանավոր տարբերակները, էպոսին նվիրված բազմաթիվ, նաև  իրար հակասող ուսումնասիրություններ, տեսնում ես՝ որքա՛ն բազմաշերտ ու բազմախորհուրդ է մեր էպոսը և դժվար է միասնական մի տեսակետ հայտնել, դիտարկել այն որևէ կենտրոնական գաղափարի համատեքստում։ 
Իրականությունը քիչ թե շատ ամբողջական ներկայացնելու համար տարբեր տեսակետներ պետք է ներկայացնել։ Եվ այս դեպքում էպոսին նվիրված ուսումնասիրությունները, բանավոր տարբերակները Խեչոյանին այդպիսի հնարավորություն տվել են։
– «Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք: Ներսիններն՝ այն ելքի, դրսինները մուտքի դուռ են անվանում»:Վեպի բնաբանը կարծես նախապատրաստում է անորոշության, առեղծվածի։ 
– «Մհերի դռան գիրքը» փիլիսոփայական, ժանրային առումով պատմավեպին մոտեցող գործ է։ Գործողությունների մի մասը ծավալվում է պայմանական  միջնադարում կամ էպոսի առասպելական ժամանակներում, մյուս մասը՝ 2000-ականների Երեւանում, այսինքն մեր իրականության մեջ։ Վեպի նյութը, հեղինակի հայացքը, ժամանակների համադրությունը, հերոսը ծնում են  փիլիսոփայական, հաճախ խորհրդավոր մտքեր, ընդհանրացումներ, ինչպիսին Ձեր բերածն է։ Այստեղ մենք չենք տեսնում ենթադրվող հայրենասիրական պաթետիզմ, բարձրագոչ խոսքեր, որոնք սովորաբար ուղեկցում են մեր ազգային էպոսին։ Մեր հանրությունը էպոսն առավելապես համարում է միայն հայրենասիրական ստեղծագործություն, մինչդեռ այստեղ մեր ժողովուրդը ներկայանում է իր հերոսական էությամբ, խիզախությամբ, արժանապատվությամբ, բայց եւ՝ թերություններով ու սխալներով, որոնք ի վերջո դառնում են մեր էպիկական հերոսների կործանման պատճառ։
– Տարիների մտորումների արդյունք է վեպը։ Բայց սա նաեւ գրողի կյանքի վերջին գիրքն է, գուցե փորձել է դրանով ասել այն, ինչը չէր հասցնելու այլեւս ասել հետագա գործերում։ Հեղինակը ի՞նչ չափով է ներկա գրքում։ 
-Լեւոն Խեչոյանը, իր կենսագրության երբեմն բավական տեսանելի դրվագներով, ներկա է իր գրեթե բոլոր ստեղծագործություններում՝պատմվածք, վիպակ, վեպ, նույնիսկ պատմական վեպում։
«Մհերի դռան գրքում» գլխավոր հերոսը գրող չէ, դասախոս է, բայց ինչո՞ւ է դասախոս, որովհետեւ փորձում է վեպ գրել էպոսի թեմայով եւ չի հաջողում։ Այսինքն՝ կարող ենք տեսնել կենսագրության որոշակի դրվագներ։
Մհերի կերպարին նա տարբեր առիթներով անդրադարձել է։ Նախորդ ստեղծագործություններում արդեն տեսանելի էր, որ հեղինակը աստիճանաբար մոտենում է «Սասնա ծռեր» էպոսին։
Իսկ թե վերջինն էր, կամ ինչ-որ բաներ այստեղ ասել է, որ նախորդներում չէր ասել, չեմ կարող ասել։ Իհարկե, նորություններ ու խորացումներ կան, բայց որպես վերջին երկ, կուտակված ասելիք չենք կարող դիտարկել, որովհետեւ հեղինակի նախորդ գործերն էլ գաղափարապես ավարտուն են ունեն ստեղծաբանական ու ընկալման ամբողջականություն։
– Այսպիսի տողեր կան գրքում․ «Կուզեի, որ այսուհետեւ, եթե անընդունելի լինեն իմ մեկնաբանությունները, միանգամից հայտնեիք ձեր անհամաձայնությունը»: Վեպը,ինչպես հարկն է, քննարկվե՞լ է մասնագիտական շրջանակներում։
– Մասնագիտական շրջանակներում շատ է քննարկվել, գրականագետները անդրադարձել են տարբեր տեսանկյուններից։ Ցավոք, գիրքը հրատարակվեց Լեւոն Խեչոյանի մահից հետո, եւ երեւի քննադատել կամ ինչ-որ բացասական կարծիք հայտնել այնքան էլ տեղին չէր լինի, բայց սթափ գնահատականներ եղել են։ Ես ինքս էլ իմ «Անկախության «Սասնա ծռերը»» գրքում վերլուծել եմ վեպը։ Իմ կարծիքով գեղարվեստական, նաև գաղափարական առումով անչափ դժվար է էպոսի մասին կամ թեմայով  վեպ գրելը։ Եվ իմ ենթադրությամբ՝ գուցե այս դժվարության պատճառով է ծնվել վեպի գլխավոր հերոս էպոսագետ-դասախոսը։ Այս դժվարության պատճառով էլ վեպը առաջին հայացքից որոշակի «հատվածայնություն» ունի։ Այդուհանդերձ, այլ տեսանկյունով այս «տեղեկատվական»-գաղափարական հատվածայնությունը մեր բազմաշերտ, հատվածային ու կտրտված իրականության արտահայտություն է։ Եվ սա յուրահատուկ հմայք և արդիականություն  է հաղորդում վեպիին։ 
– «Բայց ամենասարսափելին՝ բոլոր վտանգներից խույս տալուց, ապահով վայր հասնելուց հետո մեկ էլ հանկարծ պարզում էր, որ հայտնվել էր այն նույն ճանապարհի եզրին, որտեղից սկսել էր»։ Շատ այսօրյա թվացին այս տողերը։
– Լևոն Խեչոյանը մեծ խորաթափանցությամբ տեսնում է, որ սրանք երեւույթներ են, որոնք մեր պատմությանն ուղեկցում են իր ամբողջ ընթացքում, այսինքն՝ դժբախտությունները որոշակի ժամանակի ծնունդ չեն, այլ գուցե ինչ-որ կաղապարների, մեր մեջ դրված ինչ-որ շատ հին կոդերի, արխետիպերի արտահայտություն ու արդյունք։ Դարերի ընթացքում վիճակը չի փոխվում․ մենք կառուցում ենք, կռվում, պաշտպանում, հետո կորցնում ու նեղանում, փակվում ու սպասում, թե երբ մեզ կկանչեն, կամ լավ ժամանակ կգա։ Այս տեսանկյունից, իհարկե, մենք ինչպես Փոքր Մհերը, անընդհատ քայլելով նորից կարող ենք նույն անապատը դուրս գալ կամ փակվել միեւնույն քարայրում։ 
Եվ հենց սա է գլխավոր հարցը՝ արդյոք պե՞տք է շարունակել նույն արխետիպերով եւ կոդերով ապրել, թե՞ պետք է խախտել այս շղթան։ Այսինքն՝ պետք է ապրել հին առասպելներո՞վ ու կոդավորմամբ, թե՞ մի նոր հայացք փորձել գտնել, նոր իրականություն ձեւավորել։ Բայց գուցե այդ հին կոդերն են մեզ պահում դարերի մեջ։ Սրանք բարդ հարցեր են, որոնց Լեւոն Խեչոյանը միանշանակ պատասխան չի տալիս, այդուհանդերձ արձանագրում է, որ թե՛ մեկ անհատի, այդ դեպքում՝ մեր գլխավոր հերոսի կերպարում, թե՛ առանձին ժողովրդի պատմության մեջ միշտ կրկնվում են այս երեւույթները։
– Մենք մեր պատմությունը , մեր փրկություն ենք փնտրում Ագռավաքարում, բայց ցորենը մասուրի չափ դառնալը համընդհանուր փոփոխություններ է ենթադրում։
-Որքան էլ նեղացնում ենք խնդիրը, դարձնում ազգային ու քաղաքական, Փոքր Մհերին տեղային գործունեության մեջ ենք դնում, իրականում նա տիեզերական, աստվածային երեւույթ է, եւ քարայրում փակված ոչ թե սպասում է, որ հատկապես վերադառնա, հայերին փրկի կամ մեր ազգի թշնամիներին կործանի, այլ սպասում է, որ աշխարհում փոփոխություններ լինեն։ Աշխարհն ավելի արդար դառնա։ Նաև հետևում է Ագռավաքարում պտտվող ճակատագրի անիվին։ Այսինքն՝ Մհերը շատ ավելի խոր, տիեզերական երեւույթ է, ոչ միայն ազգային։ 
– Հակառակ դեպքում, անմահ չէր լինի․․․
– Իհարկե, բայց նաեւ հետաքրքիր եզրակացության է գալիս Լեւոն Խեչոյանը, որ Ագռավաքարը մեր ազգային արժեքների պահպանման վայրն է, որտեղ փակվել է Մհերը իր մեջ ամփոփելով մեր մշակույթը․
«Գուցե հենց այդ պատճառով էր հրաժարվել իշխանական Մեծ տան գահից, երկրի առաջնորդը լինելու բոլոր իրավունքներից, անսպառ հարստությունից: Ժողովրդի դարերով կերտած մշակույթը իր մեջ ներառած՝գնացել, հազար ինը հարյուր տարի, երկու հազար տարի փակվել էր Ագռավաքարի նախամայր արգանդում նյութական աշխարհից ամենայն ազգային վաստակած ունեցվածքը տեղափոխել էր հոգեւոր ոլորտ՝ փորձելով իր պահպանության տարած ժառանգությունը քսան դար հետո ապագա սերունդներին վերադարձնելով՝ փրկել մեր ինքնությունը»։
Մշակութային կոդերի տեսանկյունից, ծրագրավորման  բառապաշարով եթե դիտենք,Ագռավաքարը այն կոշտ սկավառակն է, որտեղ մեր մշակութային կարևոր կոդերն են պահվում։  Եթե լավ պայմաներ լինեն, Մհերը կվերադառնաեւ կբերի դրանք։ Բայց մենք էլ մեր պատասխանատվությունն ունենք․ պետք է հոգատար լինենք հիշողության ու արժեքների նկատմամբ, հետևենք, որ համակարգը մաքուր մնա։ 
– Ի՞նչ տվեց Ձեզ գիրքը։ 
– Երբ առաջին անգամ կարդացի, կռիվ ունեի Խեչոյանի հետ եւ փորձում էի հասկանալ, ի վերջո, ո՞րն է նրա տեսակետը, ի՞նչ է ցանկանում ասել։ Իսկ երբ երկրորդ հրատարակությունը կարդացի, ինձ համար բացահայտեցի այս վեպի հմայքը, գեղեցկությունը, բանահյուսական տեքստի, էպիկական եւ ժամանակակից իրականությունների զուգահեռման մեծ վարպետությունը, կարևոր խորհուրդներն ու արդիական ուղերձները։ 
Արմինե Սարգսյան 

Leave a comment